ԲՀԿ-ն իր անդամի վրա հարձակման համար մեղադրում է բարձրագույն իշխանություններին

bhk photolur«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ փետրրվարի 7-ին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնության հետ կապված:

«Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար:

Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջև ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը:

Անհապահ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա: Երեկ ամբողջ օրը Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մենք ստացել ենք ԲՀԿ կառույցների, համաժողովրդական շարժման գրասենյակների և բազմաթիվ քաղաքացիների առաջարկները՝ Հայաստանի տարբեր ծայրերից անմիջապես տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան: ԲՀԿ քաղխորհուրդն այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում գրասենյակների ներկայացուցիչներին և մեր ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը:

Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով:

ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչև մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը»,- ասված է հայտարարությունում:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Մեկնաբանել