Ամեն ինչ վկայում է՝ բանկիրները օգնել են իրենց հաճախորդներին խուսափել միլիոնավոր դոլարների հարկերի վճարումից:
Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրիտանիայի խոշորագույն բանկը՝ HSBC-ն, օգնել է իր հաճախորդներին խուսափել հարկերի վճարումից, գրում է BBC-ն:
2007թ. բանկի ժնևյան ստորաբաժանման աշխատակիցը գողացել է փաստաթղթեր, որոնք պարունակում էին աշխարհի տարբեր երկրներից հաճախորդների 100 հազ. հաշվեհամարների մասին տեղեկատվություն:
Տեղեկություններին մատչում է ստացել ֆրանսիական Le Monde թերթը, որը համատեղ հետաքննության շրջանակում տեղեկությունները փոխանցել է ավելի քան 50 լրագրողական կազմակերպությունների ու լրատվամիջոցների, որոնց թվում՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին (ICIJ), BBC-ի «Պանորամա» հաղորդմանն ու բրիտանական Guardian թերթին:
«Պանորամա» հաղորդման լրագրողները տեղեկացրել են, որ ամեն ինչ վկայում է՝ բանկիրները օգնել են իրենց հաճախորդներին խուսափել միլիոնավոր դոլարների հարկերի վճարումից՝ այդ նպատակի համար գտնելով օրենսդրական լուսանցքներ:
«Սև ցուցակ»
Պարզվել է, որ Բրիտանիայի հարկային գերատեսչությունն այդ տեղեկություններն ստացել էր դեռ 2010թ.: Ստացված տվյալների շնորհիվ բացահայտվել են Միացյալ Թագավորության ավելի քան հազար բնակիչներ, որոնք ակտիվորեն խուսափել են հարկերից:
«Այդ ժամանակից ի վեր անցել է մոտ տասը տարի, սակայն, ըստ «Պանորամա»-ի, նրանցից ընդամենը մեկն է պատժվել ըստ օրենքի»,- գրում է BBC-ն:
Ներկայում HSBC բանկի նկատմամբ հետաքննություն է իրականացվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում և Արգենտինայում:
Le Monde թերթի անցկացրած հետաքննությանը մասնակցել է նաև ռուսական «Վեդոմոստի» թերթը, որը վերլուծել է ցանկի ռուսական մասը. այն բաղկացած է ավելի քան 740 անունից: Ցանկում, ըստ պարբերականի, չկան ՌԴ պետական առաջին դեմքեր և քաղաքական խոշոր գործիչներ: Սակայն Forbes-ի ռուսական վարկանիշի տասնյակ մասնակիցներից բացի՝ հիշատակվում են նախկին պաշտոնյաներ, ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության ղեկավարներ, բանկիրներ: