Թուրքիայում հոլանդացի լրագրողին մեղադրում են ահաբեկչության մեջ. The Independent

deԲրիտանական The Independent թերթը հրապարակել է հոդված՝  Թուրքիայում ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով բանտարկության սպառնալիքի տակ գտնվող հոլանդացի լրագրող Ֆրեդերիկ Գիրդինկի մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Անցյալ ամիս Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանության բաժնից ութ հոգի խուզարկել էին Դիարբեքիրում աշխատող հոլանդացի լրագրող Ֆրեդերիկ Գիրդինկի տունը և նկարահանել: Գիրդինկը մեղադրվում է Ֆեյսբուքում և Թվիթերում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) սատարող գրառումներ տարածելով «ահաբեկչական պրոպագանդա» կատարելու համար: Նման հանցանքով եթե դատապարտվի՝ նա կարող է հինգ տարի բանտարկության ենթարկվել Թուրքիայում:

«Նրանք իմ մոտից վերցրել են Քրդստանի պատմության մասին մի գիրք որպես փաստ ու ինձ ժամերով պահել են ոստիկանության բաժնում»:

Գիրդինկի կալանավորումն անմիջապես դատապարտվեց հոլանդացի քաղաքական գործիչների կողմից: Դա տեղի ունեցավ Անկարայում՝ դեսպանների հետ ժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, որտեղ նա ասել էր․ «Եվրոպայում կամ աշխարհի տարբեր մասերում մամուլն ավելի ազատ չէ, քան Թուրքիայում»:

Սակայն անկախ ուսումնասիրությունները հակառակն են ցույց տալիս: Անցյալ տարի, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության համաձայն, մամուլի ազատության տեսակետից Թուրքիան 180 երկրների շարքում 154-րդն է: Թուրք և քուրդ լրագրողները հաճախ են ոստիկանների թիրախ դառնում, սակայն օտարերկրացի լրագրողին քրեական մեղադրանքներով հետապնդելը հազվադեպ երևույթ է:

Գիրդինկը մոտ 15 տարի աշխատում է որպես ազատ լրագրող աշխարհի տարբեր մասերում, գրելով հոլանդերեն և անգլերեն: 2006-ին նա հաստատվեց Ստամբուլում, ապա անցավ Դիարբեքիր՝ Թուրքիայի հարավ արևելքում գտնվող, քրդական մեծամասնություն ունեցող ամենամեծ քաղաքը, որտեղ փաստագրում էր քրդերի պայքարը:

Մինչև այսօր Թուրքիայում ավելի լայն ինքնավարություն պահանջող PKK-ի զինյալների երկարամյա ապստամբությունը թողել է 40 հազար զոհ: 2012-ին՝ Թուրքիայի հետ համաձայնեցված հրադադարից հետո, վերջին ամիսներին երկխոսությունը կանգ է առել: Գիրդինկի համաձայն այս հարցը չէր կարելի անտեսել որպես լրագրող:

«Ես միշտ հետաքրքրված եմ եղել ինքնության խնդիրներով, քանի որ մարդու իրավունքների խնդիրների հիմքում միշտ դա է լինում: Քրդական խնդիրը Թուրքիայի ամենամեծ խնդիրն է, հետևաբար՝ լրագրողի համար ամենակարևորը: Մարդիկ հաճախ հարց են տալիս, թե ինչու Թուրքիայում խնդիրներ ունեցող ուրիշ խումբ չեմ ընտրել, օրինակ՝ քրիստոնյաներին կամ համասեռականներին, սակայն քրդերն ամենանշանակալին են այս խմբերի մեջ»,- ասում է հոլանդացի լրագրողը:

Մեծ թվով քրդերի հետ ընկերանալուց հետո՝ նրա համար այս պատմությունն ունի նաև անձնական երանգ: «Ես մարդ եմ և տեսնում եմ, թե մարդիկ ինչերի միջով են անցնում: Ես Թուրքիայում ապրող օտարերկրացի եմ և փորձառություն ունեմ, թե ինչ է նշանակում Թուրքիայում  չկարողանալ ապրել քո ինքնությունն ամբողջությամբ»,- ասում է նա:

«Երբեմն դա ինձ շատ է տխրեցնում, բայց ես եմ ընտրել այս ուղին, եթե ուզենամ՝ կարող եմ վերադառնալ իմ երկիրը: Ես եմ վերահսկում դա: Սակայն քրդերն ավելի քան մի դար ճնշվում են և չեն կարողանում իրենց ինքնությամբ ապրել:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նրա կատարած գրառումներին՝ ոստիկանությունը քննում է Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում գտնվող PKK-ի ղեկավար Ջեմիլ Բայըքի հետ նրա անցյալ տարի արած հարցազրուցը: «Ես շատ թափանցիկ եմ, հետևաբար դա շատ հեշտ հարցազրույց էր: Լրիվ լրագրություն էր»,- ասում է նա:

Ոմանք կարող են նախընտրել տուն վերադառնալ՝ Թուրքիայի բանտերում տարիներով բանտարկություն կրելու փոխարեն: Սակայն Գիրդինկը հայտարարել է, թե մեկնելու մտադրություն չունի և պաշտպանելու է իր դատը, որը կարող է տևել մոտ մեկ տարի: Նա դեռ պետք է ապահովի իր դատավարության ծախսերը:

«Հույս ունեմ, որ սա ավելի շատ ուշադրություն կհրավիրի քրդական խնդրի վրա: Բոլորն ինձ սատարում են: Սակայն այսօր 16 քուրդ ձերբակալվեց PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու նպատակով փողոցում ստորագրահավաքի սեղան դնելու համար: Թուրքիայի հարավարևելյան շրջաններում նման դեպքեր տեղի են ունենում ամեն օր և չեն արժանանում որևէ ուշադրության: Հակաահաբեկչական օրենքը շատ մեծ մասշտաբով է չարաշահվում»:

Նա ավելացնում է, որ բախտավոր է զգում Հոլանդայի նման երկրից լինելու համար, որն իրեն անվերապահ աջակցություն է ցուցաբերում, սակայն նա երախտապարտ է նաև իր հարևաններին:

Երբ ոստիկանությունը ներխուժեց նրա բնակարանը՝ տեղական թերթն առաջին էջում տպեց այդ պատմությունը: Այդ պատճառով այսօր ճանապարհին նրան քրդերը կանգնեցնում են և զորակցություն հայտնում: «Դա ինձ ուժ և կռվի պատրաստակամություն է տալիս»,- ասում է նա:

Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատունը, որը տեղյակ է Գիրդինկի դատից, չպատասխանեց The Independent-ի հարցին՝ մինչև այս հոդվածի հրատարակումը:

Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզտաղը պաշտպանել էր նրա կալանքը, ասելով, որ իր երկիրն արժանանանում է «անարդար քննադատության»:

Բրիտանիայի արտաքին գործերի խոսնակն ասել է, թե «Բրիտանիան կիսում է ԵՄ մտահոգությունները Թուրքիայում մամուլի ազատության մասին և իր գործընկերների հետ շարունակելու է մոտիկից հետևել իրավիճակին»: