Արտակ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է

800_4310«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, փետրվարի 7-ին բռնության ենթարկված Արտակ Խաչատրյանի վիճակն այժմ կայուն ծանր է: Այս մասին փետրվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց նրա եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը:

Նա նշեց, որ քթի վիրահատությունից հետո հայտնաբերել էին թոքերի սալջարդ, ինչը բարդացրել էր իրավիճակը: Սակայն «Մալաթիա» բժշկական կենտրոնում գտնվող Խաչատրյանի մոտ այժմ նկատվում է դրական դինամիկա, և ամենայն հավանականությամբ` նա այսօր կկարողանա ցուցմունք տալ, ասաց Արտյոմ Խաչատրյանը` հավելելով, որ ոստիկանության սպաները շուրջօրյա հսկողություն են իրականացնում բժշկական կենտրոնում:

Նա նշեց, որ ուրախ է հանրության նման միասնական դատապարտող արձագանքի համար` տարօրինակ չհամարելով այն, որ բռնությանը միայն Հանրապետական կուսակցությունը չի արձագանքել: Խաչատրյանի խոսքով`իր եղբոր հետ կատարվածը կազմակերպված հանցագործություն է, կազմակերպված բանդայի գործունեություն, և իր եղբայրը երբեք կապ չի ունեցել քրեական աշխարհի հետ: Նա համարում է, որ բացահայտ գործելով օրը ցերեկով Երևանի կենտրոնական հատվածում` հանցագործները վստահ են եղել, որ մարսելու են իրենց արածը:

Արտյոմ Խաչատրյանը գործի քննությամբ զբաղվող կառույցներին ներկայացրեց գործը շուտափույթ բացահայտելու պահանջ: «Եթե շուտափույթ չբացահայտեն, ուրեմն չեն ուզում բացահայտել, քանի որ առկա են բոլոր անհրաժեշտ հանգամանքները` գործի բացահայտման համար»,- նշեց նա: Խաչատրյանը մասնսավորապես ասաց, որ առկա է նոր ի հայտ եկած ապացույց, որն ինքը պատրաստվում է փոխանցել ոստիկաններին: Պարզաբանելով, թե ինչ ապացույցի մասին է խոսքը, Խաչատրյանն ասաց, որ հստակ ֆիքսված է մեքենան, որով առևանգել են իր եղբորը, դրա գույնը, պետհամարանիշը:

Ասուլիսին մասնակցում էին  «Կասեցում» շարժման այլ անդամներ: Նրանք ասացին, որ իրենք բոլորն էլ Արտակ Խաչատրյան են, և իրենցից յուրաքանչյուրը կարող էր լինել նրա տեղում:

Այսօր` ժամը 13:00-ին, շարժման մասնակիցները հավաքվելու են կառավարության շենքի դիմաց` պահանջելով Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնության բացահայտում:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ: