«Ժառանգությունը» դատապարտում է ԲՀԿ անդամի նկատմամբ կիրառված բռնությունը

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով փետրրվարի 7-ին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնությունը:

«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ «Կասեցում» շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ:

Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու և նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը՝ գնահատելով այն որպես երկրի չընտրված իշխանությունների ու իրավապահ մարմինների լռելյայն թույլտվության արդյունք:

Ավելին՝ մեզանում լայն տարածում ստացող վերջին դեպքերի համատեքստից կարելի է ենթադրել, որ նույն ձեռագրով կատարված ահաբեկչական գործողությունները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են այն ակտիվիստների հանդեպ, ովքեր փորձում են բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների և ամենաթողության:

Պատկան կառույցներից, մասնավորապես ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ու լիակատար կերպով բացահայտել բռնություն կատարած ճիվաղների և նրանց հետևում թաքնված թուլամորթ պատվիրատուների ինքնությունը՝ յուրաքանչյուրին տալով իր արժանի պատիժը, քանզի դաժանությունն ու անպատժելիությունը, ինչպես երևում է, նոր դաժանություններ են ծնում:

«Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնում Արտակ Խաչատրյանին և արդարության համար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին` կոչ անելով աննկուն և միասնական լինել ապօրինի վարչակարգի դեմ վճռական պայքարում»,- ասված է հայտարարությունում:

Խաչատրյանի նկատմամբ բռնության կապակցությամբ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև ԲՀԿ-ն՝ դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին, ինչպես նաև ՀԱԿ-ը։

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Ներկայում Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է: Նրա եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, փետրվարի 9-ին` ավելի վաղ, մամուլի ասուլիս էր տվել և գործի քննությամբ զբաղվող կառույցներից պահանջել էր գործի շուտափույթ բացահայտում: Նրա խոսքով` հստակ ֆիքսված է մեքենան, որով առևանգել են իր եղբորը, դրա գույնը, պետհամարանիշը:

Մեկնաբանել