Կիպրոսը պատրաստ է իր տարածքում ռուսական ռազմակայան տեղակայել

Կիպրոսի «Անդրեաս Պապանդրեու» ավիակայան Կիպրոսի «Անդրեաս Պապանդրեու» ավիակայան

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է իր երկրի տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու պատրաստակամության մասին: Նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի Մոսկվայում փետրվարի 25-ին:

«Գոյություն ունի հին (պաշտպանական բնույթի) համաձայնագիր, որը պետք է արդիականացվի իր այսօրվա տեսքով: Միևնույն ժամանակ, կտրամադրվեն որոշ լրացուցիչ ծառայություններ՝ ճիշտ այնպես, ինչպես մենք անում ենք մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ»,- Անաստասիադեսին մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:

Ռուսական պարբերականների հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կարող են օգտագործել կղզու հարավ-արևմուտքում՝ Պաֆոսում, «Անդրեաս Պապանդրեու» ավիակայանը, որը գտնվում է Ակրոտիրիում բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի ավիակայանից 40 կմ հեռավորության վրա: ՆԱՏՕ-ն այն օգտագործում է մերձավորարևելյան օպերացիաների ժամանակ:

Կիպրոսի տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու Մոսկվայի մտադրության մասին ավելի վաղ հայտնել է Նիկոսիայում Ռուսաստանի դեսպան Ստանիսլավ Օսադչին, գրում է Greek Reporter կայքը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Օսադչին հաստատել է Ռուսաստանի այդ մտադրությունը և նշել, որ հարցը դեռ քննարկման փուլում է:

Կիպրոսի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը՝ «կարմիր դրոշ» ԵՄ-ի համար

Անդրադառնալով Ռուսաստանի և Կիպրոսի միջև համաձայնագրին և ռազմակայանի հնարավոր տեղակայմանը՝ ամերիկյան Business Insider-ը գրել է. «Կիպրոսը Եվրոպական Միության 28 անդամ-երկրներից մեկն է, որոնք վերջին մեկ տարում պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Եվ ճիշտ այնպես, ինչպես Հունաստանն է վերջերս դժվարացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման գործընթացը, Կիպրոսը նույնպես դեմ է հանդես եկել լրացուցիչ պատժամիջոցներին: Այսպիսով՝ Կիպրոսի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը ԵՄ-ի համար ևս մեկ «կարմիր դրոշ է»»:

Ակնարկ

2014թ. մարտին ԵՄ-ն իր տարածք մուտքի արգելք է սահմանել և սառեցրել Ղրիմի՝ Ռուսաստանին միացման հետ առնչություն ունեցող ռուսաստանցի և ուկրաինացի մի շարք պաշտոնյաների ակտիվները:

Վերջերս Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին, մասնավորապես, հունվարի 24-ին Մարիուպոլում ռմբակոծությունից հետո, Եվրամիությունում սկսեցին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը: ԱՄՆ-ն նաև ՌԴ դեմ տնտեսական ճնշումը ուժեղացնելու պատրաստակամություն հայտնեց:

Հունվարի 29-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության անդամ-երկրների 28 արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշում է ընդունվել:

Մեկնաբանել