Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի երևանյան նստաշրջանին

defaultԱդրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանին, որն անցկացվելու է մարտի 16-18-ը Երևանում: Այս մասին հայտարարել է «Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

«Ադրբեջնական պատվիրակությունը հստակ հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանում անցկացվող նիստերին և նստաշրջաններին: Վեհաժողովի լիագումար նստաշրջանի՝ Երևանում անցկացման որոշումն ընդունվել է ադրբեջանական պատվիրակության վճռական բողոքներին հակառակ»,- ասել է Սուլեյմանովը:

2014-ի հոկտեմբերին, երբ որոշվել էր նստաշրջանը Երևանում անցկացնել, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ «նստաշրջանի անցկացումը Երևանում վիրավորական է Ադրբեջանի համար: Դա վկայում է «Եվրանեսթի» ու եվրոպական ինստիտուտների երկակի ստանդարտների, Ադրբեջանի հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունքի մասին»:

Հայաստանի 8 հոգանոց պատվիրակությունը 2012թ. մեկնել և Բաքվում մասնակցել է «Եվրանեսթ» լիագումար նիստին:

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի կազմում ընգրկված են Եվրախորհրդարանի 60 անդամներ և 10 խոհրհդարանական՝ Արևելյան գործընկեր յուրաքանչյուր հինգ երկրից:

Մեկնաբանել