Վարչապետը «կոպիտ սխալ» է համարում ԲՀԿ-ի հայտարարությունը

Hovik-Abrahamyan«Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք». Tert.am-ի հարցմանն ի պատասխան` այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ փետրվարի 7-ին կիրառված բռնությունից հետո ԲՀԿ-ի հայտարարությանը:

Դատապարտելով Խաչատրյանի նկատմամբ բռնությունը՝ Աբրահամյանն ասել է․ «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»,- ասված է Հովիկ Աբրահամյանի պատասխանում:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Ներկայում նրա վիճակը կայուն ծանր է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ փետրվարի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ` դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին:

Մեկնաբանել