ԵՄ-ն ընդունում է ԼՂ հակամարտությունում Մինսկի խմբի առաջատար դերը

juGJ78VP1PijdeDuvS30ujLsFPԵվրամիությունը ընդունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:

Այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 9-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման հիմնական նպատակն է եղել ԼՂ հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:

Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը` ԵՄ պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրաՆախարարը նաև վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:Զալբերը մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Փետրվարի 5-ին Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հանդիպումից հետո համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ և համակողմանի բանակցությունների կոչ էին արել: