Միակ մեղավորը երկրի ղեկավարությունն է. Ծառուկյանի խոսնակ

Hovik-Abrahamyan-Gagik-Tsarukyan«Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձևավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է` իր բոլոր ենթակառուցվածքներով». Zham.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` արձագանքելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե «անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:

«Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով և ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- ասել է Իվետա Տոնոյանը:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:

Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Ներկայում նրա վիճակը կայուն ծանր է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ փետրվարի 8-ին հանդես էր եկել հայտարարությամբ` դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին:

Փետրվարի 9-ին` ավելի վաղ, Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությունից հետո ԲՀԿ հայտարարությանը, ասել էր. «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»: