ISIS-ի դեմ կոալիցիայի գործողությունները լեգիտիմ չեն. Պուտին

Պուտինը խոսել է ISIS-ի դեմ պայքարի, ուկրաինական ճգնաժամի, նավթի գների և այլ հարցերի մասին: Պուտինը խոսել է ISIS-ի դեմ պայքարի, ուկրաինական ճգնաժամի, նավթի գների և այլ հարցերի մասին:

«Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողությունները չեն համապատասխանում սպառնալիքի ներկայիս ծավալներին, և միայն օդային հարվածներով չի հաջողվի հաղթահարել խմբավորմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ալ-Ահրամ» եգիպտական թերթի հետ զրույցում:

Պուտինն ընդգծել է, որ նման գործողությունները «լեգիտիմ չեն, քանի որ իրականացվում են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության», իսկ որոշ դեպքերում նաև՝ առանց այն պետությունների համաձայնության, որոնց տարածքները ռմբակոծվում են:

«Եթե Իրաքում ահաբեկչության դեմ պայքարն ընթանում է՝ պաշտոնական Բաղդադի հետ համագործակցելով, ապա Սիրիայում կոալիցիան հրաժարվում է գործակցել օրինական իշխանությունների հետ»,- նշել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, արդյունք է տարածաշրջանի գործերին «անպատասխանատու և կոպիտ միջամտության, միակողմանի ուժային գործողությունների, երկակի չափանիշների ու ահաբեկիչներին «լավերի» ու «վատերի» բաժանելու»:

Ուկրաինայի մասին հարցին Պուտինը պատասխանել է, որ ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել «պատժիչ օպերացիան երկրի հարավ-արևելքում, մշակել սահմանադրական կարգերի այնպիսի բանաձև, որին կողմ կլինեն բոլոր ուկրաինացիները»:

Միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերից մեկի՝ նավթի գների մասին հարցին ի պատասխան Պուտինը նավթի համաշխարհային շուկայի պատասխանատու մասնակիցներին կոչ է արել միավորել ջանքերը՝ շուկան ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու համար:

Պուտինը կարծում է, որ նավթի գների անկման գլխավոր ռիսկն այն է, որ նավթագազային ոլորտը պակաս հրապուրիչ է դառնում ներդրողների համար: ՌԴ առաջնորդը նկատել է, որ մերձավորարևելյան շատ պետությունների բյուջեների հիմքում դրված են նավթի ավելի բարձր գներ՝ վառելիքի ներկայիս արժեքի համեմատ:

Բացի այդ՝ տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և դրանց ադեկվատ արձագանքելու համար լրացուցիչ ռեսուրսներ անհրաժեշտություն կլինի:

«Հետևաբար, Մերձավոր Արևելքում խորանում է ընկալումը, որ պետք է կայունացնել նավթային շուկան, հավասարակշռել առաջարկն ու պահանջարկը»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանել