Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս «պայքարել քաղաքական ձևով»

TH_SharmazanovԱրտակ Խաչատրյանի ծեծը ամենաքիչը բխում էր իշխանության շահերից և իշխանության ձեռագիրը չէր․ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստից հետո, որը տեղի ունեցավ այսօր երեկոյան։

ԲՀԿ անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ փետրվարի 7-ին կատարված բռնության համար ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին։

«Չի կարելի նման կերպ արտահայտվել, եթե պայքարում են, թող պայքարեն քաղաքական ձևերով, սա պայքարի ձև չէ»,- հայտարարեց Շարմազանովը։

Նա տեղեկացրեց, որ ներքաղաքական, ինչպես նաև կադրային հարցեր չեն քննարկվել։ Դրանք կքննարկվեն հինգշաբթի կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստին։

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ անդամ և «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը կայուն ծանր է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

ԲՀԿ-ն Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ փետրվարի 8-ին հանդես էր եկել հայտարարությամբ` դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին:

Փետրվարի 9-ին` ավելի վաղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությունից հետո ԲՀԿ հայտարարությանը, ասել էր. «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:

Այս հայտարարությանն արձագանքել էր Ծառուկյանն իր խոսնակի միջոցով, որն ասել էր. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձևավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է` իր բոլոր ենթակառուցվածքներով»: