Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող

800_4310«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող: Ինչպես հաղորդում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նրա գործով նախաքննությունը շարունակվում է, և քննիչը փետրվարի 9-ին գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու)։«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել՝ «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում, որտեղից Ա.Խաչատրյանին առևանգել են, տեսանկարահանող սարքեր կա՞ն, թե՝ ոչ, իսկ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրությունները։Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ ինչպես առևանգման, այնպես էլ՝ նրա նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Փետրվարի 9-ին Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը մամուլի ասուլիսին տեղեկացրել է, որ Արտակի վիճակն այժմ կայուն ծանր է և գործի քննությամբ զբաղվող կառույցներից պահանջել էր գործի շուտափույթ բացահայտում: Նրա խոսքով` հստակ ֆիքսված է մեքենան, որով առևանգել են իր եղբորը, դրա գույնը, պետհամարանիշը: Փետրվարի 9-ին հարյուրովր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի առջև՝ պահանջելով գործի արդար և շուտափույթ բացահայտում:

Մեկնաբանել