Զինել, թե չզինել Կիևին, Մերկելն ու Օբաման տարակարծիք են

Երկու առաջնորդները բազմիցս ընդգծել են Արևմուտքի բոլոր երկրների համերաշխությունն այն հարցում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ: Երկու առաջնորդները բազմիցս ընդգծել են Արևմուտքի բոլոր երկրների համերաշխությունն այն հարցում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ:

Փետրվարի 9-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Բանակցությունների ավարտին Օբաման և Մերկելը համատեղ ասուլիսին ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բեռլինը անհրաժեշտ են համարում ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Օբաման նշել է, որ եթե Ռուսաստանը շարունակի իր ուղեգիծը Ուկրաինայում, նրա քաղաքական և տնտեսական մեկուսացումը միայն կխորանա:

Երկու առաջնորդները կրկին ընդգծել են իրենց համերաշխությունը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ:

Ըստ Անգելա Մերկելի՝ խոսքը ոչ միայն Ուկրաինայում հակամարտության մասին է, այլև հիմնարար սկզբունքներից մեկի՝ տարածքային անձեռնմխելիության մասին, որը խախտել է Ռուսաստանը:

Անգելա Մերկելը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կարևորությունը. «Որպես մեկը, ով ծագումով Եվրոպայից է, ես կարող եմ միայն ասել, որ եթե մենք հրաժարվենք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքից, մենք չենք կարողանա պահպանել խաղաղությունը Եվրոպայում, որին կարողացել ենք հասնել: Դա հին սկզբունք չէ, դա կարևոր, առանցքային կետ է, որին սատարում ենք: Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երկու դեպքում՝ Ղրիմում և Դոնեցկում ու Լուգանսկում»:

Պատասխանելով Ուկրաինային զենք-զինամթերք մատակարարելու մասին հարցին՝ Անգելա Մերկելն ասել է, որ իր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է. ինքը դեմ է այդ գաղափարին, մինչդեռ Վաշինգտոնը, Օբամայի տեղեկացմամբ, դիտարկում է Կիևին զինելու հնարավորությունը: Ըստ ԱՄՆ-ի առաջնորդի՝ բանակցությունների ներկայիս փուլի ձախողման դեպքում զենքի մատակարարման հարցը կարող է է՛լ ավելի արդիական դառնալ:

Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Ուկրաինային զինելու հարցում Բեռլինի և Վաշինգտոնի դիրքորոշումների տարբերությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի բաժանման, սակայն Անգելա Մերկելը Վաշինգտոնում մի քանի անգամ կրկնել է, որ չնայած ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող տարաձայնություններին՝ Ատլանտյան դաշինքը կենսականորեն կարևոր է և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի համար:

***

Moscow MeetingՓետրվարի 6-ին Գերմանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվածության են եկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համատեղ փաստաթղթի նախապատրաստման շուրջ: Մոսկովյան բանակցությունների նախօրեին՝ փետրվարի 5-ին, Մերկելն ու Օլանդը մոտ հինգ ժամ բանակցություններ էին վարել Կիևում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: Նույն օրը` ավելի վաղ, Կիևում Պորոշենկոյի հետ բանակցություններ էր վարել  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ուկրաինայի արևելքում ռուսամետ տրամարդրություններ ունեցող անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև արյունալի մարտեր են ընթանում անցյալ տարվա գարնանից: Կիևն ու Արևմուտքի նրա դաշնակիցները վստահեցնում են, որ Մոսկվան անջատականներին զինում է մարտիկներով, սպառազինություններով և ծանր տեխնիկայով: Մոսկվան հերքում է այս մեղադրանքները: