Շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպերի

OSCE-monitoringԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Շփման գծում նախորդ՝ հունվարի 14-ի դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով:

Մեկնաբանել