Հստակեցվել են Վաչե Գաբրիելյանի ղեկավարած կառույցի գործառույթները

Vache-GabrielyanՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով սահմանել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործառույթները: Հրամանագրի կետերից երևում է, որ նորաստեղծ նախարարությանը ի թիվս ներքին հարցերի, վերապահվելու է նաև արտաքին տնտեսական քաղաքականության իրականացումը։

Ըստ հրամանագրի՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է.

1. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև միջազգային (տարածաշրջանային) այլ տնտեսական կառույցների և միությունների հետ ՀՀ իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում:

2. Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները:

3. ՀՀ-ի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները:

4. Եվրասիական տնտեսական միության և Եվամիության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները:

5. Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը:

6. ՀՀ իրավասու մարմինների կողմից Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ ՀՀ-ի պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը:

7. Եվրամիության կողմից տրամադրվող աջակցության և Եվրամիության գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը:

Նախարարությանը վերապահվել են նաև մի շարք այլ լիազորություններ:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն ստեղծվել է 2014թ. նոյեմբերին: Նորաստեղծ գերատեսչությունը ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը, որը նաև համատեղում է փոխվարչապետի պաշտոնը։