Արևմուտքից մեսիջներ ստանում ենք, սակայն ISIS-ի դեմ կոալիցիային չենք միանա. Ասադ

 

Ասադը հերքել է պնդումը, որ կառավարական ուժերը տակառային ռումբեր են կիրառում: Ասադը հերքել է պնդումը, որ կառավարական ուժերը տակառային ռումբեր են կիրառում:

«Մենք ամերիկացիներով չենք շնչում, այլ մեր քաղաքացիներով». BBC-ի մերձավորարևելյան թղթակից Ջերեմի Բոուենի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

2011թ. երկրում սկսված քաղաքացիական պատերազմը խլել է մոտ  200 հազ. մարդու կյանք, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց տները, դարձել փախստական:

«Մենք որևէ պետության հետ համագործակցության դեմ չենք և երբեք դեմ չենք լինի: Մե՛նք չենք սկսել մյուսների հետ այս հակամարտությունը»,- ասել է Ասադը: Նա պատասխանել է կառավարական ուժերի կողմից տակառային ռումբերի կիրառման, «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիային միանալու հավանականության և Արևմուտքից հնչող քննադատության մասին հարցերին: Հարցազրույցից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

– Պրն նախագահ, Դուք կորցրել եք վերահսկողությունը Սիրիայի հսկայական տարածքների նկատմամբ, ի հայտ է եկել «Իսլամական պետություն», մահացել է մոտ 200 հազ. սիրիացի, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց տները: Արդյոք Սիրիան դարձե՞լ է ձախողված պետություն:

-Ո՛չ, քանի դեռ կառավարությունը և պետական մարմինները կատարում են իրենց պարտականությունները սիրիացի ժողովրդի առաջ, չենք կարող խոսել ձախողված պետության մասին: Վերահսկողությունը կորցնելու մասին խոսելը միանգամայն այլ բան է: Այստեղ խոսքը դրսից եկած ահաբեկիչների մասին է, կառավարությունն էլ անում է իր գործը երկիրը պաշտպանելու համար:

– Կարող ենք շատ արագ հետ գնալ՝ 2011թ., երբ այս ամենը սկսվեց: Դուք ասել եք, որ վաղ փուլում ցույցերը կառավարելու հարցում սխալներ են եղել: Արդյոք այդ սխալները Դո՞ւք եք թույլ տվել:

– Ո՛չ, ես երբեք չեմ ասել՝ մենք սխալվել էինք դրանք կառավարելիս: Ես միշտ ասել եմ, որ «ցանկացած մարդ կարող է սխալներ թույլ տալ»: Եթե ցանկանում եք վերադառնալ հակամարտության սկբնական փուլի քաղաքականությանը, ապա մենք հենց սկզբից որդեգրեցինք ահաբեկչության դեմ պայքարելու որոշում: Իսկ եթե ցանկանում եք խոսել գործնականում տեղի ունեցած սխալների և որոշ քաղաքացիների նկատմամբ թույլ տրված սխալների մասին, դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունեցել, և որոշ մարդիկ դրա համար պատժվել են:

– Դուք հենց սկզբից խոսել եք ահաբեկչության, ինչպես Դուք դա անվանում եք, ազդեցության մասին: Ես հնարավորություն եմ ունեցել, որպես լրագրող, ներկա լինել Դամասկոսում և այլ վայրերում առաջին ցույցերին, և մարդիկ այնտեղ չէին պահանջում Իսլամական խալիֆաթ, այլ ցանկանում էին ազատություն, ժողովրդավարություն: Կարծում եք՝ սխա՞լ եք հասկացել այդ ամենը:

– Շատերը Արևմուտքում այն ժամանակ և մինչև հիմա այդ փուլի մասին ասում են խաղաղ ցույցերի ժամանակաշրջան: Իսկ ես կասեմ, որ առաջին շաբաթներին սպանվել են բազմաթիվ ոստիկաններ: Նրանց գնդակահարել են: Ես չեմ կարծում, որ նրանց սպանել է ցուցարարների խաղաղ ալիքը, այսինքն՝ դրա մասին խոսելը ցնորք է, մենք պետք է խոսենք փաստերով: Սկզբից ի վեր ցույցերը խաղաղ չէին:

– Ի՞նչ կասեք տակառային ռումբերի մասին: Դուք չե՞ք հերքում, որ Ձեր ուժերը կիրառել են դրանք:

– Ես գիտեմ բանակը: Նրանք կիրառում են փամփուշտներ, հրթիռներ և ռումբեր: Երբեք չեմ լսել, որ տակառներ են օգտագործել կամ ինչ-որ կաթսաներ:

– Մեծ տակառներ, լի պայթուցիկ նյութերով, որոնք նետվում են ուղղաթիռներից և ավերիչ հետևանքներ են ունենում: Շատ վկայություններ կան:

Դրանք կոչվում են ռումբեր: Մենք ունենք ռումբեր, հրթիռներ և փամփուշտներ… Չկան տակառային ռումբեր, մենք չունենք տակառներ:

– «Իսլամական պետության» և «Ալ-Կաիդայի» դեմ պայքարում ԱՄՆ-ն ու մյուսներն ասում են, որ Դուք չեք կարող դաշնակից լինել այդ պայքարում: Կցանականայի՞ք դաշնակից դառնալ, միանալ կոալիցիային:

– Միանշանակ ո՛չ, մենք չենք կարող և ցանկություն չունենք այն պարզ պատճառով, որ մենք չենք կարող դաշնակից լինել մի երկրի, որը սատարում է ահաբեկչությանը… քանի որ պայքարում ենք ահաբեկչության դեմ:

– Դուք շատ խիստ քննադատել եք սաուդցիներին: Այժմ նրանք ասում են, որ դեմ են ISIS-ին: Սաուդյան Արաբիան վախեցած է, որովհետև ISIS-ն այդ երկրում թագավորական ընտանիքի դեմ է: Տրամաբանական չէ՞, որ սաուդցիները պետք է խմբավորմանը դուրս քշելու կողմ լինեն:

– Նախևառաջ, «Իսլամական պետության» և «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող մյուս խմբավորումների գաղափարախոսության հիմքում վահաբականությունն է, որն արժանացել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի աջակցությանը: Այսպիսով՝ պետք չէ պարզապես ասել՝ «կողմ ենք», «դեմ ենք»: Կարևոր են քո գործողությունները, որոնցով դու ապացուցում ես, որ ասածդ ճիշտ է:

– Եկեք խոսենք Միացյալ Նահանգների վերաբերմունքի մասին: Ամերիկյան պաշտոնական քաղաքականությունը շարունակում է հանգել Ձեր պաշտոնանկությանը, չնայած՝ կան նշաններ, որ որոշ մեղմացում կա… Ի՞նչ եք կարծում՝ Ձեզ  դիտարկո՞ւմ են որպես կարգավորման մի մաս:

Նախևառաջ՝ մենք ամերիկացիներով չենք շնչում, այլ մեր քաղաքացիներով: Հենց այդպես ենք շնչում, հետևաբար դա մեզ համար կենսական չէ:

– Սիրիան շատ մեկուսացած է, նրա դեմ գործում են պատժամիջոցներ, մարդիկ չեն կարող օգտագործել իրենց կրեդիտ քարտերը, դուք կտրված եք աշխարհի հետ առևտրից: Ձեզ համար հաստատ ողջունելի կլինի մի իրավիճակ, որը կվերականգնի ձեր տեղը պետությունների ընտանիքում՝ մի բան, որ 2011-ից ի վեր չկա:

Մենք որևէ պետության հետ համագործակցության դեմ չենք և երբեք չենք լինի: Մենք չենք սկսել մյուսների հետ այս հակամարտությունը: Նրանք են սկսել, նրանք են աջակցել, հովանավորել ահաբեկիչներին: Խոսքն այժմ Սիրիային մեկուսացնելու մասին չէ, այլ սիրիացի ժողովրդի նկատմամբ արգելափակման մասին է: Դա մեկուսացումից շատ տարբեր բան է:

Սիրիայի երկնքում կան ամերիկյան ռազմաօդային ուժեր: Սակայն բախումներ ու միջադեպեր չեն եղել: Կարելի՞ է եզրակացնել, որ այստեղ ինչ-որ մեկը բանակցում է ինչ-որ մեկի հետ:

– Այո՛, ճիշտ է: Սակայն ուղիղ համագործակցություն չկա… Երրորդ կողմերի՝ Իրաքի և այլ երկրների միջոցով: Նրանք երբեմն մեսիջներ են փոխանցում, ընդհանուր մեսիջներ, սակայն մարտավարական որևէ բան չկա: