ՌԴ դատախազաները Պերմյակովի գործում կարող են հանդես գալ որպես մեղադրող

valeri-permyakovՌուսաստանի զինվորական դատախազությունը մասնակցելու է Վալերի Պերմյակովի գործով դատավարությանը: Դատախազության ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդես գան որպես մեղադրող կողմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Կարծում եմ, որ կլինենք որպես մեղադրող կողմ: Մեղադրանք առաջադրել ենք մենք էլ, իրենք էլ [հայկական կողմը – խմբ.]: Այժմ համատեղ աշխատանքներ են կատարվում»,- ասել է զինդատախազը:

Նրա խոսքով՝ հետաքննության ավարտից հետո կորոշվի՝ որ դատարան ուղարկել գործը: Ֆրիդինսկին չի հստակեցրել՝ ինչ ժամկետներում է նախատեսվում ավարտել հետաքննությունը:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Մեկնաբանել