ԵՏՄ-ից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվն աճել է

Lada_Niva_0012015թ. հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներկրումն աճել է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Ինչպես հաղոդրում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, խոսքը ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաների, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաների մասին է, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են միության ապրանքի կարգավիճակ:

Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ ԵՏՄ անդամ պետությունից Հայաստան ապրանքներ (մեքենաներ) ներկրելու դեպքում ներմուծման մաքսատուրքեր չեն կիրառվում այն ապրանքների (մեքենաներ) մասով, որոնք միության մաքսային օրենսգրքի (4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետին) համապատասխան ունեն միության ապրանքի կարգավիճակ:

Վերոնշյալ կետի համաձայն` միության ապրանքները միության մաքսային տարածքում գտնվող հետևյալ ապրանքներն են.

1) միության անդամ երկրների տարածքներում ամբողջությամբ արտադրված ապրանքները,

2) միության տարածք ներմուծված և միության մաքսային օրենսգրքին և (կամ) միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան միության ապրանքի կարգավիճակ ստացած ապրանքները,

3) այն ապրանքները, որոնք պատրաստվել են միության անդամ պետությունների տարածքներում 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքներից և (կամ) օտարերկրյա ապրանքներից և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) միության անդամ երկրների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել միության ապրանքների կարգավիճակ:

***

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է 2015թ. հունվարի 2-ից։ ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: