Քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը

Screen Shot 2015-02-10 at 18.36.40Հայոց ցեղասպանության ամենից խնդրահարույց հարցերից մեկն այն է, թե ինչ մասնակցություն ու դերակատարություն են ունեցել քրդերը դրանում: Այդ մասին է պատմում Թուրքիայում լույս տեսած «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գիրքը: Գրքի հեղինակներ Նամըք Դինչը և Ադնան Չելիքը Դիարբեքիրում ապրող քրդերից գրի են առել, թե ինչ են վերջիններս հիշում Հայոց ցեղասպանության մասին: Բանավոր հիշողություններից զատ գրքում հավաքվել են նաև Ցեղասպանության վերաբերյալ քուրդ գործիչների հայտարարությունները: «Ակօս» թերթը հարցազրույց է արել գրքի համահեղինակ, պատմաբան Նամըք Դինչի հետ. քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության հարցն է: Հոդվածը կրճատումներով ներկայացվում է ստորև:

Դուք Դիարբեքիրում և դրա հարակից շրջաններում ուսումնասիրություններ եք կատարել: Քրդերն ինչպե՞ս են հիշում 1915-ը:

Նախևառաջ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ լուրջ դժվարություններ է առաջանում, երբ նման իրադարձությունը (Հայոց ցեղասպանությունը-ՍիվիլՆեթ) պատմական կոնտեքստում չի քննարկվում և գնահատականներ են տրվում միայն սահմանափակ տարածքում էթնիկ որոշակի  խմբի ուսումնասիրության հիման վրա: Վերջապես 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացվել է շատ ավելի մեծ տարածքում  և կյանքի կոչվել կենտրոնական իշխանության կամքով: Քրդերի պատմածները, մասամբ բացահայտ և մասամբ սքողված ձևով, ցույց են տալիս, որ կոտորածները կենտրոնական իշխանության կամքով են եղել: Օրինակ, 1915-ի մասին խոսելիս քրդերի շրջանում ամենատարածված արտահայտությունը ֆերմանն է կամ ferman-ı filehan-ը: (Քրդերեն է, նշանակում է հայերի ֆերմանը՝ հրամանը, այսինքն՝ հայերին աքսորելու և կոտորելու հրամանը-ՍիվիլՆեթ): Ֆերմանը սուլթանի հրամանն ու պետության կամքն է: Երկրորդ՝ տեսնում ենք, որ այս ֆերմանը զինվորների ղեկավարության տակ գտնվող միջնորդների միջոցով հաղորդվում և արագորեն հասնում է կայմակամներին (գավառների ղեկավարներին-ՍիվիլՆեթ)՝ տարածվելով ամենուր: Իմանում ենք նաև, որ պետությունը բոլորին պարտադրել է մասնակցել կոտորածներին: Քրդերն ընդգծում են, որ գոյություն ուներ կոտորած իրականացնելու պետական հրաման: Պետությունը քրդերին ասել է հետևյալը. սպանեք «ձեր հայերին», իսկ եթե չեք սպանում, սպառնում է՝ ասելով. «հայերի ճակատագիրը նաև ձեզ է սպասում»: Սպանություններն օրինականացնելու համար հաճախ օգտագործվում էր իսլամի գործոնը.  քրդերի շրջանում տարածված  պատմություն կար այն մասին, թե հային սպանողը դրախտ է ընկնելու: Այսինքն՝ մի կողմից օգտագործվում էր պարտադրանքն ու սպառնալիքը, մյուս կողմից սպանության ցանկություն առաջացնելու նպատակով առաջ էր քաշվում կրոնական գործոնը:

1915-ի դեպքերում քրդերն ինչպե՞ս են  մեկնաբանում իրենց դերը:

«Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գրքի շապիկը «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում» գրքի շապիկը

Թուրքիայում մշտապես շեշտում են, որ Ցեղասպանության հիմնական դերակատարը և մեղավորը պետությունն է: 1915-ին գնահատական տալու ժամանակ կամ իրադարձությունների վերաբերյալ պատմություններում մշտապես շեշտում են այս հանգամանքը: Առանց պետության դերի մասին խոսելու՝ քրդերի դերակատարության հարցին անցնելու դեպքում կանտեսեք կարևոր հանգամանքներ:

Իսկ Դուք ի՞նչ կասեք քրդերի դերակատարության մասին:

Հայտնի է, որ ամեն ինչ տեղի է ունեցել պետության որոշումով և իրականացվել է, որպեսզի ստեղծվի մեկ ազգ և մեկ տարածք: Այն վայրերում, որտեղ քրդերն էին ապրում,  կենտրոնացման քաղաքականության շնորհիվ 19-րդ դարում պետությունն իր գերիշխանությունն է հաստատում: 1848թ. բեյլիքների համակարգը վերացվում է, ստեղծվում են համիդեի գնդերը (Համիդեի գնդերը, որոնք բաղկացած էին քրդական աշիրեթներից, կազմակերպել և իր անունով էր կոչել սուլթան Աբդուլ Համիդը II-ը: Նրանց հիմնական նպատակը հայերի ազատագրական պայքարը ճնշելն ու կոտորածներ կազմակերպելն էր: Համիդիե գնդերը մասնակցել են 1894-1896թթ. կոտորածներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը-ՍիվիլՆեթ): Կենտրոնական իշխանության դեմ թեպետ ապստամբություններ տեղի ունեցան, սակայն, գալով 1915-ին պետք է արձանագրել, որ պետությունն այդ նահանգներում ամբողջովին իշխանության տերն էր: Եվ այն պատկերացումը, թե այդ տարածքներում պետությունն իրական իշխանություն չուներ և շարժվում  էր միայն քրդական աշիրեթների վրա ճնշում գործադրելով, պատմության տեսանկյունից ճիշտ չէ: Բոլոր տարածքներում քրդերին իրենց կողքին կանգնած հայերին մեկ վայրկյանում սպանելու համար հարկավոր էր հավելյալ մի միջոց, կոչ (նկատի ունի պետության հրամանը-ՍիվիլՆեթ):

Այսինքն՝ սխա՞լ է  «քրդերի մասնակցություն» արտահայտությունը:

Այդ հարցի վերաբերյալ սխալ ընկալումներ կան: Եթե խոսում ենք մարդուց, որ էթնիկ քուրդ է,  անշուշտ, սակայն, վերջիններս  չեն սպանել այն պատճառով, որ քրդական ինքնության կրողներ էին, դա ավելի շատ պայմանավորված էր կրոնական գործոնով:

Դիարբեքիրում ապրող մյուս էթնիկ խմբերի մասնակցությունն է՞լ է իսլամի գործոնի հետևանք:

Գործ ունենք տարասեռ գավառի հետ, որտեղ ապրում էին տարբեր ազգեր: Դիարբեքիրի ղեկավար շերտն էլ էր իրենից չափազանց բազմազան պատկեր ներկայացնում: Օրինակ՝ Դիարբեքիրի հին ընտանիքներից Իսքենդերփաշազադեները չերքեզ են, կան նաև թուրքմենական ծագմամբ առաջնորդներ: Այդ պատճառով կոտորածների մոբիլիզացնող գործիքը դարձավ իսլամը, և, պետք է ասել նաև, որ հենց իսլամի միջոցով ապահովվեց ժողովրդական զանգվածների մասնակցությունը: Չնայած այս ամենին՝ էթնիկ քրդերը լրջորեն հանդես եկան կոտորածների դեմ:

Ժամանակաշրջանը հասկանալու համար պետք է գավառներում իշխողների՞ն ուշադրություն դարձնել:

Խմբային գիտակցությունն այդ ժամանակ զարգացած չէր, և, եթե քննարկում ենք, թե ինչ դերակատարություն են ունեցել քրդերը և մյուս ժողովուրդները, պետք է հասկանալ տեղում իշխողների մտայնությունը: Կարող ենք ասել, որ ժամանակի նշանավոր ընտանիքների մեծ մասը միացել է պետական քաղաքականությանը և մասնակցել կոտորածներին: Մի կողմից՝ եթե իրենց պատկանող գյուղերում հայերին սպանում էին, կային աղաներ, որոնք թաքցնում էին հայերին, պաշտպանում նրանց, աղաներ էլ կային, որոնք սպանում էին՝ հայերի գույքին տիրանալու մտադրությամբ: Բանավոր պատմություններում հիմնականում ոճրագործ են համարվում աղաները, բեյերը և շեյխերը: Բոլոր աղաները, բեյերը և շեյխերը, անշուշտ, այդպիսին չէին: Հատկապես շատ է խոսվում հայերին փրկած շեյխերի մասին: Պատմում են, որ Մարդինում շեյխ Ֆեթուլլահը, Դիարբեքիրում շեյխ Սաիդը ֆեթվա են հրապարակել նրանց դեմ, ովքեր կոտորում էին հայերին: Չնայած պատմություններում առաջին պլան է մղվում Դիարբեքիրի ղեկավար տարրը, սակայն շարքային քաղաքացիներն էլ են ներգրավվել կոտորածներին, ոմանք կրոնական ֆանատիզմից դրդված, ոմանք էլ՝ հայերի տուն ու տեղին տիրանալու նպատակով:

Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայում 1915-ի մասին ամենաշատը քրդերն են հիշում:

Անկախ ամեն ինչից՝ խոսում ենք Դիրաբեքիրի բնակչության 30 %-ի ամբողջական ոչնչացման մասին: Բացի այդ՝ տարբեր գավառներից եկող աքսորյալների քարավանները Դիարբեքիրի վրայով էին անցնում: Գործ ունենք շատ մեծ կոտորածի հետ: Մարդիկ, որ սպանվում ու ոչնչացվում էին, տարիներ շարունակ ապրել էին քրդերի հետ. դա խորը  վերք է բացել:  Թեպետ չորս սերունդ է  անցել, սակայն  քրդերը շատ կենդանի ձևով են հիշում և պատմում տեղի ունեցածը: Ֆաթմա Մուգե Գյոչեքը «Ակօսին» տված հարցազրույցում, պատմելով այն մասին, թե ինչպես են թուրքերը և հայերը հիշում 1915թվականը, ասում է. «Թուրքերն այս իրադարձությունների վերաբերյալ հիշողություն չունեն, իսկ հայերը պատմում են այնպես, կարծես երեկ է պատահել»: Հենվելով կատարածս դաշտային ուսումնասիրության վրա՝ կարող եմ ասել, որ քրդերն էլ հիշում են այնպես, ինչպես հայերը: Մեր լսած շատուշատ պատմություններում 1915-ի վերաբերյալ  քրդերն այնպիսի մանրամասներ են ներկայացնում, կարծես երեկ է տեղի ունեցել: Մեկը պարզապես չի կարողանում մոռանալ սպանությունները, մյուսը չի կարողանում մոռանալ այն պատճառով, որ ներգրավված  կամ ականատես է եղել սպանություններին: Մենք հանդիպել ենք շատ մարդկանց, որոնք կրկնում էին իրենց հայրերի խոսքը՝ «Տեղի ունեցածը երբեք չեմ մոռանա»:

Գրքի համահեղինակ Նամըք Քեմալ Դինչը Գրքի համահեղինակ Նամըք Քեմալ Դինչը

Ինչո՞ւ է հիշողությունն այդքան կենդանի:

Տարբեր պատճառներ կան, թե ինչու են քրդերը 100 տարի շարունակ հիշում տեղի ունեցածը: Ըստ իս՝ կարելի է առանձնացնել հիշողության երկարակեցության երեք հիմնական պատճառ: Առաջինը՝ հիշողության բնակավայրի հետ կապն է: Կոտորածները տեղի են ունեցել որևէ բնակավայրում, ինչն էլ ապահովում է հիշողության շարունակականությունը: Շատ բնակավայրերում հայերը մեծ թիվ էին կազմում, սա ևս պատճառներից մեկն է: Գյուղերի, արոտավայրերի, նույնիսկ տների անունները հայերին են հիշեցնում: Այժմ, երբ ասում են՝ վերադարձրեք բնակավայրերին իրենց նախկին անունները, այդ անուններն էլի հայերեն են: Միաժամանակ հայ աքսորյալների քարավանների կոտորածը տեղի է ունեցել կոնկրետ վայրում, ինչն էլ պատճառ է դարձել, որ այն շարունակի հիշվել որպես ջարդի վայր: Գրքի շապիկին Չունգուսում գտնվող հորի լուսանկարն է պատկերված:  Չունգուսի շրջակա տարածքներոմ հորի պատմությունը բոլորը գիտեն: Երբ մենք հանդիպման համար ավտոբուսով այդտեղ էինք գնում, վարորդը մեզ ասաց. 1915-ին հայերին սպանեցին ու այդ հորը նետեցին: Կեսարիայում քրդաբնակ Սարըզ բնակավայրում էլ պատմեցին, որ տեղի հայությանը սպանել ու նետել են Ջանջան կոչվող հորը: Ճիշտ այդ հորի պես Ջերմիկում Լանա Գավուրան, Լիջեում Կունա Ռոմի անունով վայրեր կան, որտեղ էլ տեղի է ունեցել կոտորածը:

Երկրորդը պատմություններում առկա դաժանությունն է: Բանավոր պատմություններում շատ են հիշատակում հատկապես կանանց և երեխաների սպանությունը: Այնպիսի դաժան սպանություններ են եղել, որ մարդիկ չեն կարողանում մոռանալ իրենց տեսածը: Միայն նորածին երեխաների սպանության վերաբերյալ առնվազն հինգ տարբեր պատմություն լսեցինք, և դրանք այնպիսի սարսափելի պատմություններ են, որ այստեղ ասելու բան չեն: Միաժամանակ՝ կրոնական հավատալիքներով պայմանավորված անպաշտպան մեկին սպանելը ցավի և ամոթի զգացում է առաջացնում:

Երրորդ պատճառը հայերի և քրդերի ընդհանուր ու երկարատև անցյալն է: Մենք խոսում ենք նույն աշխարհագրական և մշակութային միջավայրում ապրած երկու ժողովրդի մասին: Այդ պատճառով շատ տարածված է «Հայերը գնացին, այս կողմերն ամայացան» արտահայտությունը: Ահմեթ Թյուրքը, Դերիք բնակավայրի մասին խոսելիս, օգտագործեց հենց այս արտահայտությունը: Նա նաև Չունգուշ բնակավայրի լքյալ դառնալն է կապում նույն իրողության հետ:

Քրդերը մտավախություն ունե՞ն, որ քաղաքական առումով Ցեղասպանության պատասխանատվությունը իրենց վրա են բարդելու:

Այս հարցի շուրջ զրույցներ վարելիս նկատեցինք, որ քրդերն անհանգստացած են 1915թ. պատասխանատվությունն իրենց վրա գցելու առումով: Մի կողմից անհանգստությունն անտեղի է, մյուս կողմից՝ գոյություն ունի արդարացի վախ: Պետական մակարդակով նման շեշտադրումն սկսվում է Թալեաթ փաշայից:  Թալեաթ փաշան Գերմանիա փախչելուց հետո մի անգամ հայտարարել է, որ հայերին քրդերն են սպանել:

Պետությունը խնդիրն ուրիշների վրա գցելու փորձերը ավելի ու ավելի է շատացնելու: Թուրքիայի խորհրդարանում այս կապակցությամբ մի հայտարարություն է արել Յուսուֆ Հալաչօղլուն (Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Թուրքական պատմագրական ընկերության նախկին ղեկավար՝ հայտնի իր հակագիտական տեսություններով-ՍիվիլՆեթ): Պետական ժխտողականությունը  աշխատում է մեղքը քրդերի վրա գցելու ուղղությամբ: Այս պատճառով քրդերի անհանգստությունն արդարացի եմ համարում: Մյուս կողմից, սակայն, անտեղի անհանգստություն է, որովհետև քրդերի հավաքական հիշողությունը դատապարտում է տեղի ունեցածը:  Առերեսման տեսակետից անկեղծությունը իսկապես կարևոր է:

Քրդերը, հատկապես քուրդ կանայք, առանց վարանելու պատմում են իրենց լսած ողբերգական պատմությունները: Պետք չէ մերժել անկեղծությունն ու փախչել ամոթով  ներողություն խնդրելուց, դա ոչ մի տեղ չի տանի: Այսօր տեսնում ենք, որ Թուրքիայի քրդական քաղաքական շարժման ազդեցիկ ներկայացուցիչները նույնպես չեն  փախչում:

Դիարբեքիրը 1915-ից առաջ Դիարբեքիրը 1915-ից առաջ

Բռնագրաված հողերի վերաբերյալ ի՞նչ կարծիքների եք հանդիպել:

Հանդիպումների ընթացքում հողային խնդրի վերաբերյալ տեսում ենք հետևյալը․ թեպետ հողերն անցել են քրդերի ձեռքը, սակայն հողային բաժանումը տեղի է ունեցել պետության վերահսկողության ներքո: Աղաներից և բեյերից անկախ՝ գյուղացիների մեծ մասը պետությունից փողով գնել է այդ հողերը:

Թեպետ հիմնականում հողերը քրդերին վաճառվել են ինքնարժեքից շատ ցածր գնով, սակայն պետությանը հողի դիմաց փող են վճարել: Անշուշտ կան և առանձին օրինակներ:  Գյուղերից մեկում մի մարդ սպանել է  4-5 հայ ընտանիքի  և յուրացրել նրանց պատկանող գույքը: Սակայն մեծ հողակտորների պարագայում պետությունն անձամբ է բռնագրավման գործը ղեկավարել: Պետությունը Սիլվանի, Բաթմանի հայկական գյուղերը տվել է տեղի առաջնորդներին: Կրկին պետական թույլտվությամբ որոշ հայտնի ընտանիքներ հավաքել են այդ հողերի վարձը: Երբեմն նրանք չունեն սեփականության վկայական՝ հողերը նրանց է տրվել Ցեղասպանությանն իրենց մասնակցության փոխարեն: Այսինքն՝ հողերի  հիմնական բաժինը վերցրել է պետությունը, հետո այն բաժանել է տեղացիներին:

Գրքում ներկայացվում է Էզոյի (Ազիզ) պատմությունը, որը պատմում է 48-ամյա Ջունեյթը:

Ինչպես մի խաղ՝ գնում էին հայերին սպանելու

Նախակրթարանում սովորելու տարիներին ուսուցիչները մեզ նրա մոտ ուղարկեցին: Մենք հարցնում էինք Էզոյին՝ քանի՞ մարդ է սպանել, ո՞նց է սպանել: Ուսուցիչները ցանկանում էին, որ մենք փոխանցենք այն, ինչ Էզոն մեզ ասել է: Էզոն էլ մեր հարցերին պատասխանում էր. «Էսքան հայ եմ սպանել, էնքան հայ եմ սպանել»: Ինչքան հասկանում էի՝ միայն իր քեֆի համար սպանել էր բազմաթիվ մարդկանց: Մոտավորապես այնպես, ինչպես երեխան իր ընկերներին կասի՝ գնանք գնդակ խաղանք, Էզոն էլ ընկերներին ասում էր՝ գնանք հայ սպանենք, և ինչպես խաղ՝ գնում էին հայեր սպանելու: Մուսուլման քուրդ երիտասարդները մրցության էին մտել՝ ով ինչքան հայ կսպանի: Նրանք սկսում էին հայ կոտորել՝ ասելով՝ տեսնենք, թե ով ավելի շատ հայ կսպանի:

Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ այսօր քրդերը, ամոթով և խղճի խայթով հիշելով 1915-ը, այն կապում են իրենց պայքարի հետ: Անհատական հիշողության՝ հավաքական հիշողության վերածվելը, վերջին 30 տարվա ընթացքում քրդերի մղած պայքարը և կրած զրկանքները նրանց հիշեցնում են հայերի հետ 100 տարի առաջ տեղի ունեցածը: Շատ ենք լսել, որ մինչև 1960-ականները մարդիկ, գլուխ գովելով պատմում էին, թե ինչպես են հայերին սպանել, սակայն այժմ այդպիսի մարդկանց չեք հանդիպի:

Թարգմանությունը՝ Գոռ Երանյանի