Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան՝ նոր հատորներում

CiliciaՁեռքս առնելով ավելի քան հազար էջանոց, մուգ կապույտ գույնի լաթակազմ և ճաշակով ձևավորված հատորը՝ մտածեցի, որ Արևմտյան Հայաստան և/կամ Կիլիկիա իմ հաջորդ այցելությանս ընթացքում այն պետք է իր տեղն ունենա մեքենայիս մեջ, ու միասին շրջենք կորուսյալ Հայրենիքի գավառներով, քաղաքներով ու գյուղերով: Ամեն մի հայագետ, պատմաբան կամ լավ ընթերցող այդ հատորները պետք է ունենա իր գրադարանում: Ամեն մի հայագետ, պատմաբան կամ լավ ընթերցող, ով փափագ ունի մանրամասնորեն հասկանալու ու զգալու Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան, պետք է կարդա այդ հատորները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դեռ երեք տարի առաջ՝ 2012-ի գարնանը, որոշել էր հրատարակել Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի քաղաքներին, ավաններին ու գյուղերին նվիրված հուշամատյանների շարք, որը պետք է ընդգրկեր Մալաթիան, Տարոնը, Երզնկան, Սիսը, Այնթապը, Զեյթունը, Ուրֆան, Սեբաստիան, Հաճընը, Կարինը, Արաբկիրը, Ադանան, Մարաշը, Խարբերդը, Սասունը և այլ շրջաններ: Ընդհանուր առմամբ, պետք է հրատարակվի մոտ 100 հատոր:

Արդեն հրատարակվել է յոթ հատոր: Բեյրութում գտնվելու ընթացքում՝ կեսգիշերից առաջ ազատ ժամերին, հասցրեցի թերթատել կամ հատվածաբար ընթերցել հատորներից առաջին երկուսը՝ «Ադանայի հայոց պատմություն»-ը և «Պատմություն Տարոն աշխարհի»-ն:

Անցնող տասնամյակների ընթացքում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր քաղաքների, ավանների ու գյուղերի մասին հրատարակվել են հարյուրից ավելի հուշամատյան-պատմություններ, որոնք կարճ ժամանակում սպառվել են փոքր տպաքանակ ունենալու պատճառով: Այդ գրքերի մեծ մասը այսօր դարձել է անմատչելի և հազվագյուտ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վերահրատարակում է եղածը, ինչպես նաև ուսումնասիրելու և հրատարակելու է այն շրջանների պատմությունը, որոնք հիմնականում անծանոթ են հայ ընթերցողին ու հայագիտությանը:

«Ադանայի հայոց պատմություն»-ը, որի խմբագիրը եղել է Բյուզանդ Եղիայանը, կարևոր տեղեկություններ է տալիս Հայկական Կիլիկիայի, նրա բերդերի, վաճառականության, դրամների, պետական վարչակազմի ու տնտեսության, 1895-96-ի հայկական ջարդերի, 1909-ի Կիլիկիայի աղետի, 1915-ի օգոստոս-հոկտեմբերին իրականացված Ադանայի հայոց տեղահանության մասին և բազմաթիվ այլ մանրամասներ՝ Ադանայի հայության կենցաղն ու նկարագիրը, երգեր ու զրույցներ:

Հատորի նախաբանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն գրում է. «Հավաքական հիշողությունը ժողովրդի գոյության ամուր կռվանն է և նրա հավերժության երաշխիքը: Ժողովուրդների պատմությունը, կրոնը, քաղաքականությունը և մշակույթը իրենց ընթացքը, կազմավորումը, զարգացումը ստանում են հավաքական հիշողությունից… Մեր ժողովուրդը ևս ունի իր հավաքական հիշողությունը, երբեմն՝ արձանագրված, երբեմն՝ անգիր… Անհրաժեշտ է մեր կյանքի բոլոր բնագավառներին առնչված հավաքական հիշողությունը ճշգրիտ և ամբողջական ձևով փոխանցել նոր սերունդներին»:

Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հուշամատյանների շարքի երկրորդ հատորը «Պատմություն Տարոն աշխարհի»-ն է: Այս հատորի խմբագիրը Կարո Սասունին է: Նա եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, Շիրակի նահանգապետ, 1921-ի փետրվարյան Փրկության կոմիտեի ներքգործնախարար:

Ինչպես այս, այնպես էլ շարքի առաջին և ցարդ վերահրատարակված յոթ հատորներն ունեն տեղանունների, անձնանունների, նկարների ու քարտեզների ցանկեր: «Պատմություն Տարոն աշխարհի» հատորը ներառում է աշխարհագրական Տարոնը՝ վարչական բաժանումները, լեռները, գետերը, լճակները, բուսական և հանքային հարստությունը: Ընդարձակ անդրադարձեր կան Բիթլիսի, Մշո, Սղերդի, Խնուսի, Սասնո գավառներին, Տարոնի բանահյուսությանը, 1914-15-. կոտորածներին, Մուշի և Նեմրութի հերոսամարտերին, Մշո դաշտի կռիվներին ու Սասունի ապստամբությանը, Տարոնի վերակենդանացմանը (1916-18):

«Ադանայի հայոց պատմություն»-ից և «Պատմություն Տարոն աշխարհի»-ց բացի՝ Մեծ Տանն Կիլիկո կաթողիկոսությունը վերահրատարակել է հետևյալ հինգ հատորները՝ «Պատմություն Անթեպի հայոց» (երկու մասով), «Պատմություն Հաճընի հայոց», «Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները» և «Պատմություն Գյուրինի»: Բոլոր հուշամատյանները ծավալով, չափով, թղթի տեսակով և մյուս մանրամասնություններով միաձև են:

Որքան էլ դժվար լինի, անհրաժեշտ է, անգամ՝ պարտադիր, այս հատորներից յուրաքանչյուրը ներկայացնել Հայաստանում, ամեն մեկի համար կազմակերպել քննարկում-սեմինար, ինչպես նաև վաճառքի դնել Երևանի գրախանութներում:

Մեկնաբանել