«Ulusalkanal»-ի մատնած անհանգստությունը. Շահան Գանտահարյան

Shahan-Kandaharian21Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Ժխտման համակարգող կենտրոններ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Հասկանալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հրապարակված համահայկական հռչակագիրն աննկատ չէր կարող անցնել Անկարայի կողմից: Իհարկե, առաջին հերթին, ՀՀ-Սփյուռք թուրքական տարանջատման խաղերին տեղ չի մնում, բայց խորքում ամենից անհանգստացնող բաժինը Սևրի պայմանագրին և Վիլսոնի իրավարար վճռին կատարված կարևոր հղումներն են:Այս երկու նշումները փաստորեն 100-ամյակի նախօրյակին պատրաստության ընթացքում գտնվող հատուցման իրավական թղթածրարի հստակ նախանիշեր են, որոնք միջազգային օրենքների սահմանած իրավաչափություններին ընդառաջ անպայման իրենց արձագանգումը կունենան առաջադրված թղթածրարում:Իսկ սա իր խորքում 100-ամյակի ապահովելիք շրջադարձի կարևորագույն կետն է: Մենք ազգովին, իբրև 2 պետություն և Սփյուռք, ամրագրել ենք մեր համաձայնությունը տարածքային պահանջատիրությունը հիմնելու Սևրի պայմանագրի ընդհանուր պարունակում կայացած վիլսոնյան սահմանագծման վրա:Իրադրությունները ունեն հետևողականություն: Պատահական չէր նախագահ Սարգսյանի այցելությունը Վիլսոնի շիրիմին և այնտեղ կատարած հայտարարությունները. մանավանդ, ավելի ուշ, Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակի առիթով ասվածը, թե Սևրի պայմանագիրը շարունակում է պահել իր այժմեական և իրավական նշանակությունը:Նույնքան հանգամանալի կարող է չհնչել, այսուհանդերձ աննկատ չէր կարող մնալ նաև հայ իրավաբանների համաժողովի, օրվա գլխավոր դատախազի այն միտքը, որը թեկուզ անձնական տեսակետի տեսքով, ընդգծում էր Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների վերատիրացմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը:Հիմա, 100-ամյակի համահայկական հռչակագրով ամրագրված տարածքային հատուցումը առաջադրված իրավական թղթածրարի կարևորագույն բաղադրիչն է: և իր խորքում սա է, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարայի ղեկավարներին: Մնացյալը, ցավակցություն, ընդհանուր ցավ, նույնիսկ ցեղասպանություն եզրույթի օգտագործման պարագայական թույլտվություն, եկեղեցիների վերանորոգում, հատուցման թուրքական տարբերակի գործնականացում, քաղաքացիության վերականգնման խոստում, այդ բոլորը, բացի տարածքայինից, խուսանավելու նպատակահարմար թեմաներ են միջազգային ընտանիքի և հանրային կարծիքի առաջ, որոնք արծարծելով, էրդողանական համակարգը պիտի փորձի ձիթենու ճյուղի խաբկանք ստեղծել:Տարածքային հատուցման նախաբանի թողած անհանգստությունը բացահայտել է թուրքական «Ulusalkanal» կայքը, որն անդրադարձ է կատարել հռչակագրի հրապարակմանը:Կայքը գրում է, թե Հայկական սփյուռքը հիասթափություն ապրելով ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում, իմպերիալիստ ուժերի հետ միասին նոր ուղի է բռնել: և թե Համահայկական հռչակագրի օրինակը ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն` հատկապես հղում է կատարվել Սևրի պայմանագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա, ինչը որակվել է որպես ուղղակի հողային պահանջ Թուրքիայից:Լրատվական կայքը գրում է, որ 10 կետից բաղկացած հռչակագիրը ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ երկրներին`որպես կոչ պատժելու Թուրքիային, պարտադրելու նրան վերադարձնելու հողերը և ընդունելու Հայոց ցեղասպանությունը:Թուրքական այս կայքը հարում է Փերինչեքի պատկանած կուսակցությանը, եթե ոչ ուղղակի, ապա դրա պաշտոնական խուսափողն է իբրև հեռուստակայանի կայք: Այս դեպքում պարզ է Շվեյցարիայում ընթացող դատին թուրքական կողմին տված առավելությունը շեշտելը: Բայց ավելի կարևորը, հռչակագրի ամենից անհանգստացնող բաժնի ընկալումն է: Հայկական կողմը, իբրև համազգային համաձայնեցված պահանջ, դիմում է միջազգային ընտանիքին, որպեսզի պատժի Թուրքիային և պարտադրի, որ նա տարածքները վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը:Փերինչեքները ճիշտ են ընկալել հռչակագիրը: Այդ պատճառով էլ երկրորդական նշանակություն է ստանում Շվեյցարիայում ընթացող դատի արդյունքը: 100-ամյակի ճշտած առաջնահերթությունը որակումներից և եզրույթի օգտագործումներից ավելին է. դա հատուցումն է.և դրանում հատկապես տարածքային բաժինը:

Մեկնաբանել