Օբաման և Պուտինը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Փետրվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Նրանք քննարկել են ուկրաինական ճգնաժամը:

«Ուշադրության կենտրոնում էր իրավիճակն Ուկրաինայում և ճգնաժամի խաղաղ կարգավորման հետ կապված խնդիրները: Վլադիմիր Պուտինը ծավալուն գնահատական է տվել Ուկրաինայի հարավ-արևելքում առկա իրադրությանը՝ շեշտադրելով ռուսական կողմի առաջարկները, որոնք քննարկվում են փետրվարի 11-ին Մինսկում «նորմանդական ձևաչափով» բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստության համատեքստում; Ուկրաինայում իրավիճակի հարցում դիրքերի և մոտեցումների մերձեցման նպատակով Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ;

Հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտադրումներն այլ էին.

«Նախագահ Օբաման վերահաստատել է Ամերիկայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նախագահ Օբաման ընդգծել է զոհերի թվի աճն ու փաստը, որ նախագահ Պուտինը պետք է օգտվի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի միջև ներկայիս քննարկումների ընձեռած հնարավորությունից՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդուհանդերձ, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունները՝ զորքեր ուղարկի և ֆինանսավորի ու զենք տրամադրի անջատականներին, նրա համար այդ ամենն ավելի թանկ կարժենա»:

Կոնտակտային խմբի կազմում է Ուկրաինայի նախկին նախագահ Կուչման: Կոնտակտային խմբի կազմում է Ուկրաինայի նախկին նախագահ Կուչման:

«Նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ

Մինսկում կայացել է Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման շուրջ ստեղծված եռակողմ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ադելհեյդ Տալյավանին, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեգոն:

Հանդիպման ավարտին մասնակիցները պաշտոնական հայտարարություն չեն արել: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը TASS գործակալությանը տեղեկացրել է, որ քննարկվել է հակամարտ կողմերի միջև բաժանարար գծից ծանր սպառազինությունների հեռացումը և հրադադարի ռեժիմի հարցը: Շարունակում է վիճելի մնալ բուն բաժանարար գծի ճակատագիրը:

Փետրվարի 11-ի երկրորդ կեսին Մինսկում նախատեսվում է նորմանդական քառյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը:

«Նորմանդական ձևաչափ» են անվանում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Վերոհիշյալ պետությունների ներկայացուցիչներն այս ձևաչափով ուկրաինական ճգնաժամն առաջին անգամ քննարկել են 2014թ. հունիսին Նորմանդիայում:

Մեկնաբանել