Քեսապցիներին ՀՀ անձնագրեր են հանձնվել

timthumb1-640x344Փետրվարի 9-ին Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում քեսապցիներին հանձնվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր: Անձնագրերը հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, այնուհետ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Քեսապի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, քննարկել է Քեսապի վերականգնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև քեսապցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները: Հյուպատոսը հանդիպումներ է ունեցել նաև տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց ազգային առաջնորդարանում Հալեպում գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվել է հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում բնակվող հայերի համար:

***

Քեսապը 2014թ. մարտի 21-ից Սիրիայի հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսապի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Անջար: Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ: Սիրիական բանակի զորամիավորումները հունիսի կեսերին հետ վերցրին քաղաքը: Քեսապահայերից շատերը վերադարձան այնտեղ, շատերը՝ ոչ։

Քեսապի վրա հարձակումից հետո Վաքըֆում ապաստանած քեսապցի տարեցները մեկնել էին Բեյրութ, որտեղ նրանց մեծ մասը ապաստանել էր ազգականների մոտ: ՍիվիլՆեթի լրագրող Հարութ Էքմանյանը և Տարոն Թիթիզյանը Վաքըֆից մինչև Բեյրութ ուղեկցել էին նրանց: