Foreign Policy-ն գրում է, որ սխալի մասին ահազանգել է իր ընթերցողներից մեկը:
Մինչ արևմտյան աշխարհը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ամերիկյան խոշորագույն թերթերից մեկն անում է այդ քայլը, գրում է Foreign Policy (FP) հանդեսը:
«Փետրվարի 9-ին USA Today պարբերականի առաջին էջին հայտնվում է Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի թերակղզու, որն անցյալ տարի բռնակցել էր Մոսկվան»,- գրում է FP-ն:
«Gannett ընկերության կողմից հրատարակվող USA Today-ի խոսնակը անմիջապես չի արձագանքել մեկնաբանություն տալու առաջարկին: Հստակ չէ, թե արդյոք Ղրիմի բացառումը քարտեզից խմբագրակազմի գիտակցական որոշո՞ւմն էր, թե՞ սխալ, սակայն պարբերականի գլխավոր մրցակիցներ Wall Street Journal-ն ու New York Times-ը նախընտրել են Սև ծովում գտնվող թերակղզին ներառել Ուկրաինայի քարտեզում՝ չնայած տարածքի հանդեպ Մոսկվայի դե ֆակտո վերահսկողությանը»,- եզրափակել է հանդեսը:
USA Today-ը ամերիկյան առաջատար թերթն է օրական միջին շրջանառության ցուցանիշով (հաշվի առնելով առցանց ընթերցողներին):
2014թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե, որի արդյունքում Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․մարդ։
ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն և այն անօրինական են համարել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով թերակղզում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: