Գարեգին Բ-ի հաշվեհամարի $1.1 մլն-ը տվել է անհայտ բարերարը. Մայր Աթոռ

catholicosHSBC բանկում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարի գումարը՝ 1,1 մլն դոլարը, տրվել է անհայտ բարերարի կողմից, որից 1 մլն-ը անձեռնմխելի գումարն է, մնացածը՝ կուտակված գումարը: Այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նա վերահաստատեց Մայր Աթոռի դիրքորոշումը, թե այդ հաշվեհամարը կաթողիկոսի անձնականը չէ, այն բացվել էր նախորդ կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից, և վերջինիս մահից հետո անվանափոխվել է ներկայիս կաթողիկոսի անունով:

«Դա նորմալ գորընթաց է»,- ասաց Տեր Վահրամը:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ-ը, փետրվարրի 9-ին հրապարակել էր HSBC բանկի՝ 203 երկրից ավելի քան 106 հազ. հաճախորդների հաշվեհամարների մասին տվյալներ: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ HSBC-ն օգնել է իր այս հաճախորդներին խուսափելու հարկերի վճարումից: «2006-2007 թթ. «Գարեգին Երկրորդ Ներսես» անունով անձնական հաշիվ է եղել, որը, ըստ Մայր աթոռի պարզաբանման՝ բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով»: «Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, իսկ Վեհափառ հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել էր Մայր Աթոռը:

Մեկնաբանելով լրագրողների դիտարկումը, որ գաղտնզերծվել են միայն այն հաշիվները, որոնց տերերը խուսափել են հարկերի վճարումից՝ Տեր Վահրամն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչու է բանկը գաղտնազերծել հաշվեհամարի տվյալները, ինչպես նաև տեղյակ չէ՝ Մայր Աթոռը մտադիր է բանկին դատի տալ, թե ոչ։

Նա նշեց, որ բացի HSBC բանկում բացված հաշվից՝ գործում է մեկ այլ հաշիվ՝ Վազգեն Ա կաթողիկոսի անունով: Բացի այդ՝ ներկայիս կաթողիկոսի կողմից ստեղծվել է հիմնադրամ, որին փոխանցումներ են արվում: Տեր Վահրամը չպատասխանեց հարցին, թե որքան գումար կա այդ հաշիվներին՝ նշելով, որ պահպանվում են բոլոր ընթացակարգերը և հոգաբարձուների խորհրդին ներկայացվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

«Բոլորը կարող են դիմել իրենց, և եթե իրենք զգան, որ պետք է տրամադրել այդ տեղեկատվությունը, կտարամադրեն»,- ասաց Տեր Վահրամը:

Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնի ղեկավար Իսահակ վարդապետ Պողոսյանը: Նրա խոսքով՝ կենտրոնը, որն ստեղծվել է կաթողիկոսի կողմից 2014-ի հունվարին, անցած տարի ցուցաբերել է 80 մլն դրամի աջակցություն, այդ թվում՝ սիրիահայերին, զինծառայողների ընտանքիներին, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի: Վարդապետ Պողոսյանի խոսքով՝ կենտրոնը 2015-ին իր գործունեությունն ընդլայնելու է: Կենտրոնի առաջին աջակիցը, ըստ նրա, եղել է «Էկլոֆ» հիմնադրամը՝ 70 մլն դրամով: