Դավութօղլու, Դուք դժվարացնում եք Թուրքիայում լրագրողների գործը. Ջոել Սիմոն

cpjԽոսքի ազատության համար պայքարող և անկախ գործունեություն ծավալող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) անդրադարձել է Թուրքիայի մամուլի ազատության վիճակին, գրում է ընդդիմադիր տրամադրություններով հայտնի թուրքական «Զաման» թերթը: «Լրագրողների պաշտպանության կոմիտե» ամերիկյան հասարակական կազմակերպության ղեկավարներից Ջոել Սիմոնը նամակով դիմել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և զգուշացրել մամուլի ազատության դեմ բռնության ալիքի ահագնացման մասին՝ հույս հայտնելով, որ վերջինս կօգտագործի իր պաշտոնը վիճակը բարելավելու համար:

Նամակում Ջոել Սիմոնն իր անհանգստությունն է հայտնել Դիարբեքիրում գտնվող հոլանդացի լրագրող Ֆրեդերիկ Գիրդինկի գործի վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն-ՍիվիլՆեթ) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Հոլանդացի լրագրողին, որը սոցցանցերում գրառումներ է կատարել քրդական հարցի վերաբերյալ, սպառնում է հինգ տարի ազատազրկում:

Ջոել Սիմոնը՝ Դավութօղլուին ուղղված նամակում, խոսում է նաև «Ջումհուրիեթ» թերթի տպարանի վրա ոստիկանության հարձակման, լրագրողներ Ջեյդա Քարանի և Հիքմեթ Չեթինքայայի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ հիշեցնելով, որ նրանք մահվան սպառնալիքներ են ստանում:

Ջոել Սիմոնն անդրադարձել է նաև դեկտեմբերի վերջին լրագրող Սեդեֆ Քափաշի տան վրա ոստիկանության հարձակմանը․ նա կարճ ժամանակով կալանավորվել է, առգրավվել են նրա համակարգիչն ու բջջային հեռախոսը: Ինչպես հոլանդացի լրագրող Ֆրեդերիկ Գիրդինկին, այնպես էլ Սեդեֆ Քափաշին, սոցիալական ցանցերում կատարած գրառումների համար սպառնում է հինգ տարի ազատազրկում:

Նամակում մեծ տեղ է հատկացվել «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին բերման ենթարկելու և «Սամանյոլու» հեռուստաընկերության ղեկավար Հիդայեթ Քարաջային ձերբակալելու խնդրին:

Նամակը եզրափակվում է հետևյալ կերպ.

«Հարգելի վարչապետ, Թուրքիայի առաջնորդները որպես սկզբունք մշտապես հայտարարում են, թե կողմ են մամուլի ազատությանը, սակայն նրանք և ներառյալ Դուք, հրապարակայնորեն քննադատում եք լրագրողներին՝ վարկաբեկելով նրանց և դժվարացնելով նրանց գործը: Պաշտոնական նման դիրքորոշումը հիմք է ստեղծում, որ ոստիկանները, դատախազները, դատարանները, տեսուչները մեդիայի դեմ գործողություններ իրականացնեն, ձևավորում է մի մթնոլորտ, որտեղ հանրության թշնամաբար տրամադրված հատվածներն իրենց ազատ են զգում լրագրողներին սպառնալու և նույնիսկ նրանց դեմ հարձակումներ կազմակերպելու գործում»:

Ջոել Սիմոնը ցանկություն է հայտնել, որ Դավութօղլուն իր ձայնը բարձրացնի լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ, որ Թուրքիայում մեդիայի համար հանդուրժող մթնոլորտ ստեղծվի:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայում մամուլի ազատության վիճակը: 2012թ. հոկտեմբերին կազմակերպության հատուկ զեկույցում ասվում է, որ Թուրքիան խոսքի ազատությունը ճնշող թիվ մեկ երկիրն է աշխարհում:

Մեկնաբանել