Ծառուկյանի խորհրդաժողովի մասնակիցները երկրի վիճակը պայթյունավտանգ են համարում

MHM93172 copyՀայաստանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որն ուղղակիորեն հարվածում է պետության անվտանգությանը: Այսպիսի եզրահանգաման է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդաժողովի քարտուղարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովի մասնակիցները խոր մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակի կապակցությամբ՝ անթույլատրելի համարելով Հայաստանում քաղաքական մենաշնորհի գոյությունը:Նրանք անթույլատրելի են համարում նաև կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաներում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը՝ փաստելով, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է:

Խորհրդաժողվի մասնակիցները վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աննախադեպ տապալման պատճառ են համարում գործող իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում «ստեղծվել է գերկենտրոնացված տնտեսական համակարգ, որը սպասարկում է փոքրաթիվ անձանց և ընտանիքների բարեկեցությունը»:

Խորհրդաժողովի քարտուղարությունը տեղեկացրել է, որ խորհրդաժողովի առաջարկների փաթեթի հիման վրա կազմվել է հռչակագիր, որը կհրապարակվի առաջիկա օրերին՝ վերջնական ճշգրտումներից հետո:

Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովի քարտուղարությունն ընդգրկում է 15 քաղաքական կուսակցության և 83 հասարակական կազմակերպության պատվիրակություն, 39 երիտասարդական կազմակերպություն, ուսանողական միություն, քաղաքացիական նախաձեռնություն, երկու տասնյակ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, համաժողովրդական շարժման գրասենյակների պատասխանատուներ: