Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնեն ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի ներկայացուցիչները

genealogy_4482Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր խումբ է ստեղծում, որը կմասնակցի այս տարվա Եվրատեսիլ երգի մրցույթին: Geneology անունը կրող խումբը բաղկացած կլինի հայերից՝ աշխարհի հինգ մայրցամաքներից։

«Ի՞նչը կարող է կամուրջ դառնալ և կապել բախտի քմահաճույքով մոլորակի հինգ մայրցամաքներում ծնված նույն արյունն ու պատմությունն ունեցող երիտասարդներին: Այս տարվա Եվրատեսիլ երգի հեղինակավոր մրցույթում ծագումը կհամախմբի մոլորակի հինգ մայրացամաքներում ծնված երիտասարդներին, որոնք էլ իրենց հերթին կհամախմբեն 1915-ին աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի նոր սերնդին»,- ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրությունում։

Եվրատեսիլում Հայաստանի դեսպան Գոհար Գասպարյանն ասել է, որ սփյուռքահայ մասնակիցներին ընտրելու համար ունեցել են մեծ ցուցակ, մի շարք հաճելի բացահայտումներ են արել, սակայն ի վերջո ընտրել են այն երգիչներին, որոնք ունեն նույն պատմությունը:

««Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո այս տարի մասնակից երկրների ցանկում ընդգրկված է նաև Ավստրալիան։ Սա աննախադեպ և խորհրդանշական է Եվրատեսիլի պատմության համար, քանի որ հեղինակավոր մրցույթն այս տարի նշում է իր 60-ամյա տարեդարձը: Genealogy խմբի անդամներից մեկը կլինի նաև ավստրալահայ, իսկ թե ովքեր կլինեն մյուս հինգ ներկայացուցիչները, կիմանանք հերթականության սկզբունքով՝ առանձին-առանձին: Իսկ առաջին մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի 16-ին»,- ասված է հաղորդագրությունում։

2015-ին Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի Վիեննայում: