Ես Նանոր Սեֆիլյան եմ

Berdzor violence, Բերձորյան բռնություն… կամ Ժիրայր Սեֆիլյան կամ Սյուզան Սիմոնյան կամ այն տասնյակ քաղաքացիները, ում Արցախի ու Հայաստանի իշխանությունները հունվարի 31-ին պետական տեռորի ենթարկեցին: Չլինելով Նախախորհրդարանի կամ Հիմնադիր խորհրդարանի անդամ կամ համախոհ, ավելին՝ քննադատելով այդ կառույցի կողմից հնչեցված շատ մոտեցումներ և արժեքներ, ընդհուպ մինչև դատապարտելով բռնություններին ականատես եղած 6-10 տարեկան երեխաներին տեսախցիկների առջև նստեցնելն ու դրանց մասին պատմել տալը, ես անվարան կրկնում եմ` «Ես Նանոր Սեֆիլյան և մյուսներ եմ»:

Բոլորովին նպատակ չունենալով դառնալ քաղաքական քարոզչության մի մաս՝ ես պարզապես կոտրում եմ լռության ու վախի պարիսպները, որ բանտարկել են արդարատենչ ու ազատասեր մեր մտքերն ու հոգիները, որ թույլ չեն տալիս զանգվածայնորեն դատապարտել փաստացի ահաբեկչությունը և կանգնել մահակի դեմ կանգնած մարդու կողքին: Եթե Հայաստանում հանգիստ կարելի է ասել «Je Suis Charlie» կամ «Ես Ավետիսյան եմ», կամ «Ես Արտակ Խաչատրյան եմ», ապա ինչո՞ւ ենք վարանել ճիշտ ժամանակին ասել, որ ես նա եմ, ով կանգնած է բռնության ու ճնշման դեմ պայքարողի, համընդհանուր բարեկեցության ու ապահովության իրավունքը վերականգնողի կողքին:

«Պետական բռնությանը գնահատական տալու համար բնավ պետք չէ լինել տվյալ խմբի անդամ». Աննա Շահնազարյան։ «Պետական բռնությանը գնահատական տալու համար բնավ պետք չէ լինել տվյալ խմբի անդամ». Աննա Շահնազարյան։

Պետական բռնությանը գնահատական տալու համար բնավ պետք չէ լինել տվյալ խմբի անդամ. վերջապես, երբ Թուրքիայում հազարավոր մարդիկ բռնել էին «Ես Հրանտ Դինք եմ» ցուցապաստառներ, բոլորովին էլ հայ, քրիստոնյա կամ տղամարդ չէին: Նրանք պարզապես կրում էին այն պարզ ճշմարտությունը, որ եթե այսօր բռնությունն ուղղակիորեն չի սպառնում իրենց և իրենց հարազատներին, ապա մի օր անարգել կհասնի նաև իրենց:

Ուզում եմ հիշել պետական բռնությունը քաղաքականություն դարձրած պետության՝ նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարների տանջանքով անցած և ֆաշիստական արհավիրքի դեմ պայքարող գերմանացի պացիֆիստ Մարթին Նիմյոլերի խոսքերը.

«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն այլևս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»:

Ես նա եմ, ով դեմ է պետական ճզմիչ-մամլիչ մեքենային:

Աննա Շահազարյան

Մեկնաբանել