Լավրովի համար՝ սուպեր, Պորոշենկոյի համար՝ անընդունելի. Մինսկի գագաթաժողովն ավարտվել է

Poroshenko LavrovՄինսկում ավարտվել է նորմանդական քառյակի 14 ժամ տևած հանդիպումը, որի արդյունքում մշակվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ: Այն ներկայացվել է կոնտակտային խմբի դիտարկմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Ամփոփիչ փաստաթուղթը համաձայնեցված է 80 տոկոսով, բաղկացած է ավելի քան տասը կետից: Այն ենթադրում է փետրվարի 14-ից սկսած՝ հրադադարի ռեժիմի հաստատում, ծանր սպառազինությունների դուրսբերում, անվտանգության գոտու ստեղծում:

«Նորմանդական քառյակի» բանակցությունները սկսվել են փետրվարի 11-ի երեկոյան Մինսկում և տևել են մոտ 14 ժամ: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բանակցությունների մեկնարկից քիչ անց պետությունների ղեկավարներին միացել են արտգործնախարարները: Ուշագրավ է, որ կողմերը բանակցությունների ընթացքի մասին հակասական հայտարարություններ են արել: Այսպես՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրանք բնութագրել է որպես «ավելի քան սուպեր», ուկրաինական ԱԳՆ-ից էլ ասել են, որ հանդիպումը ծանր է ընթանում:

AFP գործակալությունը մեջբերում է Պետրո Պորոշենկոյին, որն ասել է, որ «որևէ լավ նորություն դեռ չկա»: Նրա խոսքով՝ ռուսական կողմի պահանջները «անընդունելի են»:

«Նորմանդական ձևաչափ» են անվանում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Վերոհիշյալ պետությունների ներկայացուցիչներն այս ձևաչափով ուկրաինական ճգնաժամն առաջին անգամ քննարկել են 2014թ. հունիսին Նորմանդիայում:

Մեկնաբանել