Ուկրաինայում հրադադարի ռեժիմ՝ փետրվարի 15-ից. Պուտին

Putin MinskՊայմանավորվածություն ենք ձեռք բերել հրադադարի ռեժիմի  հաստատման շուրջ, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 15 -ի կեսգիշերից. Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն  է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը տեղեկացրել է, որ Մինսկում մոտ 16 ժամ տևած բանակցություններից հետո ստորագրվել է կոնտակտային խմբի փաստաթուղթը, որը վերաբերում է Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը միտված միջոցներին: ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պայմանավորվել են ռազմական փորձագետներին հանձնարարություն տալ՝ Դեբալցևոյում իրավիճակի գնահատման վերաբերյալ:

Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ ամփոփիչ փաստաթուղթը ենթադրում է հրադադարի ռեժիմ հաստատել փետրվարի 14-ից սկսած:

«Նորմանդական քառյակի» բանակցությունները սկսվել են փետրվարի 11-ի երեկոյան Մինսկում և ընդհատումներով տևել են մոտ 16 ժամ: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բանակցությունների մեկնարկից քիչ անց պետությունների ղեկավարներին միացել են արտգործնախարարները: Ուշագրավ է, որ կողմերը բանակցությունների ընթացքի մասին հակասական հայտարարություններ են արել: Այսպես՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրանք բնութագրել է որպես «ավելի քան սուպեր», ուկրաինական ԱԳՆ-ից էլ ասել են, որ հանդիպումը ծանր է ընթանում:

AFP գործակալությունը մեջբերում է Պետրո Պորոշենկոյին, որն ասել է, որ «որևէ լավ նորություն դեռ չկա»: Նրա խոսքով՝ ռուսական կողմի պահանջները «անընդունելի են»:

«Նորմանդական ձևաչափ» են անվանում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Վերոհիշյալ պետությունների ներկայացուցիչներն այս ձևաչափով ուկրաինական ճգնաժամն առաջին անգամ քննարկել են 2014թ. հունիսին Նորմանդիայում: