ԱՄՆ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

g_imageՓետրվարի 12-ին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նորանշանակ դեսպանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ԱՄՆ-ը ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։

Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության և զարգացման նախագծերի։

Միլսը Հայաստան է ժամանել փետրվարի 12-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Միլսը Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր և զբաղեցնում էր այդ պաշտոնը 2012-ից:

Սենատը նրա թեկնածությունը հաստատել էր 2014թ. դեկտեմբերի 16-ին:

Միլսը փոխարինում է Ջոն Հեֆերնին. վերջինս Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2011թ. աշնանից։