ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հարձակման է ենթարկվել

UntitledԱդրբեջանցիները շարունակում են զանգվածայնորեն գրոհել Լեռնային Ղարաբաղի կառավարության ֆեյսբուքյան էջը՝ չհամակերպվելով դրա պաշտոնական վավերացման փաստի հետ. այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Փետրվարի 12-ին Ֆեյսբուքը պաշտոնապես վավերացրել էր ԼՂՀ կառավարության էջը՝ նրան տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստատող կապույտ նշանը:

«Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ անզորությունից կատաղած են հարևանները: Ցավոք, այդ դեպքում Արցախի օգտատերերի մի մասի մուտքն էլ է արգելափակվում, բայց այլընտրանք չկա այս պահին: Եթե «Ես եմ Արցախը» լուսանկարների մրցույթի ընթացքի վրա այս իրավիճակն էականորեն ազդի, պատրաստ ենք լուսանկարների ընդունման վերջնաժամկետը հետաձգել: Ուստի, սիրելիներս, կոչ եմ անում բոլորին շարունակել տարածել էջը և հրավիրել ընկերներին հավանելու այն, ինչը կօգնի չեզոքացնելու ադրբեջանցիների զանգվածային բողոքները: Շնորհակալություն բոլոր աջակիցներին…»,- գրել է Բեգլարյանը: