Բողոքի ակցիա՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու պահանջով

photo.phpԵրևանում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 12-ին բողոքի ակցիա անցկացրին գլխավոր դատախազության դիմաց՝ Գյումրիի սպանդի գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջով: Ակցիան նախաձեռնող խումբը ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ «Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին»:

Ակցիայի մասնակիցները ձեռքներին պաստառներ ունեին՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Մեր պահանջն արդար է», «Պերմյակով կամ հրաժարական» և այլ գրություններով:

Նրանք  դատախազությունից պահանջում էին գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին և դատվելու է  ՀՀ օրենսդրությամբ։

Նախաձեռնող խումբը բողոքի ցույց էր կազմակերպել նաև հունվարի 26-ին՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ համակարգին հանձնելու պահանջով:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջով: Գևորգ Կոստանյանը «տղամարդավարի» խոստացել էր հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին: