Ծառուկյանը $100 հազ. է խոստանում Արտակ Խաչատրյանի գործի մասին տեղեկություններ հաղորդողին

TH_Tsarukyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը իրականացնողներին և կազմակերպիչներին:

Այս մասին նա հայտարարել է փետրվարի 12-ին ոստիկանություն այցի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է «փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար»:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ: Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Փետրվարի 9-ին Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը մամուլի ասուլիսին գործի քննությամբ զբաղվող կառույցներից պահանջել էր գործի շուտափույթ բացահայտում: Նրա խոսքով` հստակ ֆիքսված է մեքենան, որով առևանգել են իր եղբորը, դրա գույնը, պետհամարանիշը:

Նույն օրը ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի տեղի էր ունեցել բողոքի ակցիա: