ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները

MFA CivilnetԱրտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել փետրվարի 11-12-ը Մինսկում «նորմանդական ձևաչափով» կայացած գագաթաժողովի վերաբերյալ:

«Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ:

Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի՝ Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ակնարկ

Մինսկում փետրվարի 12-ին ավարտվեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվեց փաստաթուղթ՝ «Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված համալիր միջոցների» վերաբերյալ: Բանակցությունների ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փետրվարի 15-ի կեսգիշերից հրադադար հաստատելու վերաբերյալ: Փաստաթուղթը նաև ենթադրում է Ուկրաինայի արևելքում ծանր սպառազինությունների դուրսբերում, սահմանում է Ուկրաինայի կազմում «ըմբոստ տարածքների» կարգավիճակը, նախատեսում է Կիևի կողմից սահմանադրական բարեփոխումների անցկացում:

Մեկնաբանել