Սերժ Սարգսյանի ելույթը նախագահին վայել ելույթ չէր. Արմեն Մարտիրոսյան

Armen-MartirosyanՍերժ Սարգսյանի ելույթը նախագահին պաշտոնը զբաղեցնող անձին վայել ելույթ չէր:

Այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանելով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի փետրվարի 12-ին նիստին Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ վերջինս քննադատության էր ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։

Նա նշեց, որ բացարձակ չի ընդունում անձնական վիրավորանքների դաշտ մտնելու ոճը՝ ընդգծելով, որ «եթե քաղաքականության մեջ այդպես է արվում, ուրեմն դա ամեն ինչ է՝ բացի քաղաքականությունից»:

«Ծառուկյանը չէր կարող ունենալ այդքան մեծ բիզնեսներ՝ առանց կազմակերպչական մեծ ունակությունների»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է ցրվի, «եթե խոսում ենք իրավական կատեգորիաներով, քանի որ կա ոչ միայն բացակաների խնդիր, այլև կեղծված ընտրություններ և այլ խնդիրներ»:

«Այժմ ռեսուրսների պայքար է գնում: Նպատակն է անօրինական կերպով խլել Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը իշխանական բուրգը կերակրելու համար: Մեր իշխանությունները ջղաձգվում են միայն այն ժամանակ, երբ առաջանում է իրենց իշխանության պահպանման հարց»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայում տարբեր ուժերի հետ և տարբեր ձևաչափերով իրենք քննարկումներ են անցկացնում՝ստեղծված իրավիճակի հետ կպաված հետագա քայլերը ճշգրտելու նպատակով:

Մեկնաբանել