Ցեղասպանությունների ժխտումը կքրեականացվի նաև Իտալիայում

Երկիրը նոր էջ է բացում. սենատոր

Իտալիայի Սենատը 234 «կողմ» ձայներով քվեարկել է Հոլոքոստի և մարդկության դեմ գործված մյուս ոճիրների ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: «Ձեռնպահ» է մնացել սենատորներից 8-ը, 3-ը «դեմ» են քվեարկել, հաղորդում է Il Sole 24 Ore իտալական լրատվականը:

Օրինագծի համաձայն՝ երեք տարվա ազատազրկում կսպառնա այն անձանց, ովքեր «Հոլոքոստի, ինչպես նաև մարդկության դեմ գործված ոճիրներն ու պատերազմական հանցագործությունները (ինչպես սահմանված են Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ) ամբողջությամբ կամ մասամբ ժխտելու հիման վրա կքարոզեն, կհրահրեն կամ կկատարեն ռասայական անհանդուրժողականության գործողություններ»:

Նախքան օրենքի վերածվելը օրինագիծը պետք է հաստատվի Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից:

«Երկիրը նոր էջ է բացում,- սենատոր Ջուզեպպե Լումիային մեջբերում է Il Sole 24 Ore կայքը: – Հոլոքոստի ու մյուս ցեղասպանությունների ժխտումը կպատժվի այնպես, ինչպես մյուս երկրներում»:

Ակնարկ

Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված ոճիրիների ժխտումը քրեականացնող օրինագծեր ընդունվել են Շվեյցարիայում, Սլովակիայում և Հունաստանում:

Հունաստանի խորհրդարանը 2014թ. սեպտեմբերի 9-ին ձայների 54 «կողմ» և 42 «դեմ» հարաբերակցությամբ այլատյացության հանցագործության դեմ օրենք է ընդունել՝ պայքարելով ընդդեմ խտրականության, այլատյացության և ռասիզմի՝ անօրինական դարձնելով հրեական Հոլոքոսթի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կամ Հունաստանի խորհրդարանի կողմից:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (2011թ.) և Սենատը (2012 թ.) ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրենք, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել: Մերժված օրենքի փոխարեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն մի նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

Իտալիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 20 պետություն:

Մեկնաբանել