Ի՞նչ ես անելու այս ժողովրդի հետ, որն ատամները սրում է միայն ՀՀԿ-ի վրա

hhkՍերժ Սարգսյանի համբերության բաժակը լցվել է: Իսկ լցվում է միայն այն մարդու համբերության բաժակը, ով քաղաքական հրամայականներին քաղաքական որևէ քայլ կամ հակաքայլ չունի, ով ընդհանրապես քաղաքականության մեջ չկա: Դե հիմա մտածեք՝ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդը քաղաքական գործիչ չէ, այլապես չէր ասի բաներ, որոնք նույնիսկ «սխոդկի» ժամանակ չեն ասում կամ ասում են հենց «սխոդկայի» ժամանակ, երբ արնախումությունն արտահայտելու այլ ամբիոն չկա:

Այն, որ ինքը երեք տարի լուռ հետևել է Ծառուկյանի ընդդիմադիրացման պրոցեսին, իր շնորհքը չէ, այլ՝ Ծառուկյանի, քանի որ Ծառուկյանն էր, որ սահմանը չէր անցնում: Իսկ հիմա Սերժ Սարգսյանն անցնում է վճռական հակահարվածի ԿԳԲ-ական դպրոցին բնորոշ ամբողջ մեթոդաբանությամբ: Հայտնի է, որ ԿԳԲ-ն երբեք չի խորշել որևէ հարց լուծելու քրեական մեթոդներից: Ավելին, ԿԳԲ-ն իր շուրջ է համախմբել քրեական «լավագույն» հեղինակություններին և հանցաշխարհը կառավարել իրեն հավատարիմ հանցագործներով: Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական հանցաշխարհին հասկացրեց՝ ողջ թափով արդարացրեք ձեր կերած հացը: Այսինքն, վերջ ձրիակերությանը: Նա հանցաշխարհին ասաց՝ ես միակ քրտինք թափողը չեմ լինելու: Ուշադրություն դարձրեք, դիցուք, երբ մաֆիան հավաքագրում է մեկին, անմիջապես նրանից ծառայություն չի պահանջում, այլ հարկ եղած պահին է դիմում նրան: Հիմա եկել է այդ ծառայության ժամանակը: Հանցաշխարհը գիտի, որ քաղաքական պայքար չի լինելու, իրենց դիմաց Տեր-Պետրոսյանը չէ, որին պատասխանելու կես բառ անգամ չունի Սերժ Սարգսյանը: Իրենց դիմաց Գագիկ Ծառուկյանն է, որը մի ժամանակ իրենցից մեկն էր: Հիմա Գագիկ Ծառուկյանը քաղաքական հարթակում է, ինչը խորթ է ՀՀԿ-ին: Խորթ է, բայց լռում էին, թեպետ «գիտեին» ինչից խոսել:

Բայց այս ամբողջ պատմության մեջ մի շատ վտանգավոր բան կա: Սերժ Սարգսյանն այդ ելույթով վիրավորեց բոլորին, ովքեր այս պետությունը դիտարկում էին իբրև Հայաստանի Հանրապետություն և քաղաքական գործընթացներին քաղաքական հանգուցալուծում էին ակնկալում: Այդ մարդն ասաց՝ ոչ, տղերք, ես ձեր համբերությունը չունեմ, ես «Մարտի 1» եմ հեղինակել, ես մարդկանց ծեծուջարդ եմ ղեկավարել, քաղաքական մասնակցությունն իմ ոճը չէ: ՀՀԿ երեկվա նիստն իր էությամբ հենց Մարտի 1 էր արդեն զուտ քաղաքական դաշտում: Որովհետև քաղաքական պայքարին հակադրվեց կոշտ մեթոդը, ներառյալ՝ շանտաժը:

Ֆիզիկական գործողություններն առջևում են: Դա ելույթ չէր, այլ «Մարտի 1»-ի մանիֆեստ մեկի բերանով, ով մի քանի օր առաջ խիստ վիճարկելի տրամաբանության հռչակագիր էր կարդացել Ցեղասպանության 100-ամյակի առիթով: Սակայն այստեղ հաշվարկը սխալ է, և խնդիրն էլ Ծառուկյանը չէ: Խնդիրը ժողովուրդն է, որն այլևս նախկինը չէ: Սա Սերժ Սարգսյանի ամենամեծ սխալն է: Ժողովուրդը Ծառուկյանի պաշտպանությամբ չի զբաղվելու: Ժողովուրդը չէ՞ր տեսնում, որ Ծառուկյանը ԱԺ չի գնում: Տեսնում էր: Չէ՞ր տեսնում, որ նրա ներկայությունն ԱԽ-ում ձևական է: Տեսնում էր: Չէ՞ր տեսնում, որ Ծառուկյանի միլիարդներն անկասկած հարցեր են առաջացնում: Տեսնում էր: Բայց գնաց նրա ետևից: Գնաց, որովհետև խնդիրն այդ մարդու կիսաներկայությունը չէ երկրի հասարակական-քաղաքական կամ տնտեսական կյանքում, խնդիրն ինքը՝ ժողովուրդն է, որն այսօր գործընթացների լիիրավ կողմ է՝ ի տարբերություն այն ժամանակների, երբ առանց առաջնորդելու ինքը գոյություն չուներ: Ինքը գնաց Ծառուկյանի հետևից, որովհետև իր էությամբ ժողովուրդը հարազատություն է փնտրում, Ծառուկյանը գնաց այդ փնտրտուքին ընդառաջ:

Հետևաբար, Սերժ Սարգսյանի ասածը ժողովրդին ուղղված չէ, ահա թե ինչու է ՀՀԿ-ի երեկվա նիստը «սխոդկա»: «Սխոդկան» երբեք ժողովրդին, ավելի կոնկրետ՝ քաղաքացուն ուղղված չէ, «սխոդկան» միշտ թիկունքում ծավալվող իրադարձություն է: Դրանում կարող են զոհեր ուրվագծվել՝ նպատակային կամ պատահական: Հենց դրանով է հանցաշխարհը հանցաշխարհ: Սերժ Սարգսյանը ձեռնոց չի նետում, քանի որ ձեռնոց նետում են մեկին, ում հետ գոնե կռվից առաջ հնարավորությունները հավասար են: Ու նա չի հայտարարում, որ Ծառուկյանը հանցագործ է: Բայց վիրավորում է նրան: Հենց սա է կոչվում «Մարտի 1»-ի մանիֆեստ, քանի որ առարկայական ոչ մի մեղք չկա, կա միայն քաղաքական մարտահրավեր, բայց դու դրան պատասխանում ես վիրավորանքով: Դու քո մեթոդներն ես ներկայացնում հակառակորդիդ չեզոքացնելու՝ նրան կուսակցության առաջնորդից վերածելով մականունավոր մարդու, ցույց տալով, որ ապագա զոհդ ամենևին էլ քաղաքական անձ չէ: Այստեղ նույնպես հաշվարկդ սխալ է: Որովհետև խնդիրը վաղուց Ծառուկյանը չէ, այլ՝ ԲՀԿ-ն որպես քաղաքական միավոր: Ի՞նչ ես առաջարկում՝ որ արտահերթ ընտրություններ չպահանջի՞, որ չընդվզի՞ սահմանադրական բարեփոխումների դեմ: Այդ դեպքում ինչո՞վ է նա քաղաքական ուժ, իսկ Ծառուկյանն էլ քաղաքական ուժի առաջնորդ: Դրա հակառակ տարբերակը, մարդ, Ազգային միաբանությունն է: Եթե դու ԲՀԿ-ից ուզում ես Ազգային միաբանություն ստանալ, ի՞նչ ես անելու այս ժողովրդի հետ, որն ատամները սրում է միայն ՀՀԿ-ի վրա:

Մեկնաբանել