ԱՄՆ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

9836Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Նա բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Դեսպան Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ, ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ:

Միլսը Հայաստան է ժամանել փետրվարի 12-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Միլսը Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր և զբաղեցնում էր այդ պաշտոնը 2012-ից:

Սենատը նրա թեկնածությունը հաստատել էր 2014թ. դեկտեմբերի 16-ին:

Միլսը փոխարինում է Ջոն Հեֆերնին. վերջինս Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2011թ. աշնանից։

Մեկնաբանել