Բաքվի համար ավելի անվտանգ է սուր ճոճել, քան իրական կրակ բացել. Թոմաս դե Վաալ

Thomas De WaalԱմերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հիմնադրամի մոսկովյան  կենտրոնի կայքում «Ղարաբաղյան զինադադարը վտանգված է» վերնագրով հոդված է հրապարակել: Նա անդրադառնում է վերջին ամիսներին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի կտրուկ աճին ու հարցադրում անում, թե որքանո՞վ է պատերազմը ձեռնտու կողմերին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև: 

Այս տարի Լեռնային Ղարաբաղում կլինի՞ պատերազմ: Պատերազմական գործողություններին վերջ դրած 1994-ի զինադադարից ի վեր ամեն տարի այդ հարցի պատասխանն է՝ «ոչ»:

Շփման գծում հայերի ու ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունենում, կողմերը սպառնալիքներ են հնչեցնում, սակայն նրանցից և ոչ մեկը անդունդի ծայրից այն կողմ քայլ անելու ցանկություն չի ցուցաբերել: Այս տարի ազդանշանները շատ ավելի անհանգստացնող են: Մյունխենի անվտանգության համաժողովին ԵԱՀԿ-ն հանդես եկավ երկու շաբաթում իր երրորդ՝ մտահոգություն արտահայտող հայտարարությամբ: Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է շփման գծում, սակայն այս տարի գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր:

Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները նույնն են: Դա աղետալի վնաս կհասցնի բոլորին: Հայկական կողմը իր ցանկացածի մեծ մասը ստացել է 1994թ., Ադրբեջանը՝ 1990-ականների պատերազմում պարտված կողմը, պատերազմը վերսկսելու ավելի մեծ դրդապատճառ ունի՝ վերադարձնելու համար իր հողերը, որոնք կազմում են իր դե յուրե տարածքի  գրեթե 14 տոկոսը, սակայն դա շատ ռիսկային ձեռնարկ կլինի:

Հաշվի առնելով լեռնոտ տեղանքն ու հայկական դիրքերը՝ նման օպերացիան կարող է հեշտությամբ ձախողվել՝ սպառնալով ոչ միայն Ղարաբաղի շուրջ ականադաշտերում հազարավոր երիտասարդների կյանքին, այլև բուն իշխող վերնախավի գոյությանը: Բաքվի համար ավելի անվտանգ է սուր ճոճել, քան իրական կրակ բացել:

Խրամատների և թերզինված զինվորների երբեմնի ցեխոտ տարածքն այժմ լի է ծանր սպառազինություններով և ինքնաթիռներով: Լրագրող և վերլուծաբան Էմիլ Սանամյանի գնահատմամբ՝ 2014թ. զոհվել է 72 մարդ՝ 39 ադրբեջանցի և 33 հայ՝ այս տարին դարձնելով վատագույնը զինադադարից ի վեր:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը երկու բանակների միջև անմարդաբնակ գոտում հայկական ուղղաթիռ խոցեց՝ սպանելով երեք օդաչուի: Ուղղաթիռը ադրբեջանական դիրքերին չէր սպառնացել, սակայն մուտք էր գործել երկու կողմերի միջև ոչ պաշտոնական համաձայնությամբ ստեղծված հինգ կմ-անոց ոչ թռիչքային գոտին:

Եթե հակամարտությունը վերսկսվի, այն կվերածվի Հայաստան և Ադրբեջան պետությունների միջև լայնամասշտաբ պատերազմի:

Ադրբեջանական կողմը ռազմական առումով շատ ավելի ուժեղ է, քան տասը տարի առաջ, և շփման գիծը գրեթե միակ տարածքն է, որտեղ նա առավելություն ունի հայերի նկատմամբ:

Տարիների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները մերժել են զինադադարն ամրապնդելու առաջարկները՝ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու կամ միջադեպերի հետաքննման մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, և հայատարարում են, որ դա կպահպանի ստատուս-քվոն, որն անընդունելի է:

Հունվարի 27-ին երեք հիմնական միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտասովոր կերպով կտրուկ էին՝ հայտարարելով. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հետևել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր պարտավորություններին»:

Մյունխենում նախագահ Իլհամ Ալիևը նախահարձակ եղավ՝ ասելով. «Այսպիսով՝ իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է. դադարեցրե՛ք բռնազավթումը: Հենց վերջ տաք բռնազավթմանը, մենք կունենանք խաղաղություն, համագործակցություն և հաշտեցում: Պատճառը, որ դա տեղի չի ունենում այն է, որ հայ զինվորը դեռ Աղդամում է և Ֆիզուլիում»:

Հայերն էլ իրենց հերթին պարբերաբար նախընտրում են Բաքվին, աշխարհին ու սեփական հանրությանը ցուցադրել, որ դեռ ունեն հզոր բանակ, և որ իրենք էլ կարող են օպերացիաներ իրականացնել:

Հենց դա էլ տեղի ունեցավ անցյալ տարվա հուլիսի 31-ին. ադրբեջանական կողմից բազմաթիվ փոքր միջադեպերից հետո հայերը երեք ուղղությամբ օպերացիա նախաձեռնեցին ադրբեջանական սահմանի երկայնքով:

Դա ահավոր արյունահեղության մեկ շաբաթվա սկիզբն էր: Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սպառնացող հայտարարություն է արել. «Մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարձակումների իրավունք»:

Այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի է ծանրացնում: Պետք է անհապաղ ուշադրություն դարձնել իրավիճակի հանդարտեցմանը մինչև գարնան և պոտենցիալ շոգ ու վտանգավոր ամռան վրա հասնելը: