Թուրքիայի դյուրափոփոխ սիրիական ռազմավարությունը. Foreign Affairs

Screen Shot 2015-02-13 at 17.16.26Միջազգային հայտնի Foreign Affairs պարբերականում լույս է տեսել Աարոն Շթեյնի «Թուրքիայի սիրիական ռազմավարություն» խորագրով հոդվածը: Շթեյնը բացատրում է, թե սիրիական ճգնաժամի համատեքստում ինչու է Անկարան սատարում Ալ-Նուսրա ահաբեկչական կազմակերպությանը, սակայն հեռավորություն պահում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:

2002-ից սկսած, Թուրքիայի համար առաջնային էր Դամասկոսի հետ լավ հարաբերություններ ունենալը, ելնելով նրանից, որ Սիրիայի հյուսիսային շրջանները «Թուրքիայի խորքային ցամաքամասի» մաս են կազմում:

Սկզբում Թուրքիան որոշեց որոշ վերապահումով սատարել Ասադին՝ միաժամանակ նրան մղելով քաղաքական զիջումների՝ Սիրիայի վտարանդի «Մուսլուման եղբայրներ» շարժմանը թույլ տալով վերադառնալ սիրիական քաղաքականություն: Հակառակ այն բանին, որ Եգիպտոսում Արաբական գարնան ցույցերի ութերորդ օրն արդեն Թուրքիայի նախագահը Հոսնի Մուբարաքին իշխանությունից հեռանալու կոչ արեց, այդուհանդերձ, Անկարան նախընտրում էր Սիրիայում վարչակարգի բարեփոխումն ու իշխանության ղեկին մնալը։ Այդ օրերին Էրդողանը երկու վստահելի խորհրդատու ուղարկեց Դամասկոս՝ Ասադին համոզելու, որ ցուցարարներին հանգստացնելու համար կատարի անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները։

2011-ի ապրիլին Էրդողանը Սիրիա ուղարկեց Թուրքիայի ազգային  հետախուզության  ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին, հետո, մի քանի առիթներով, նաև իր արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուին։ Հակառակ այս ջանքերին՝ որևէ բան չհաջողվեց։ 2011-ի սեպտեմբերին Թուրքիան խզեց Սիրիայի հետ կապերն ու սկսեց աշխուժորեն նպաստել Սիրիայի բռնապետին տապալելու տարածաշրջանային ջանքերին։

Սկզբնական շրջանում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին ունեցավ երեք հանգրվան։ Առաջինը՝ երբ Անկարան սկսեց թույլատրել զենքի և կռվողների դեպի Սիրիայի տարբեր նահանգներ ապահով տարանցումը։ Այդ զինյալներից շատերը սիրիական բանակի դասալիքներ էին։ Հետագայում նրանք ստացան «Սիրիայի ազատ բանակ» անունը, Թուրքիան նրանց ապաստան տվեց՝ թույլատրելով գործողություններ վարել իր սահմանների անմիջապես ներսում գտնվող հատուկ փախստականների ճամբարից։ Հետագայում նրանց նաև արտոնվեց ներկայություն հաստատել Թուրքիայում՝ Սիրիայի սահմանամերձ քաղաքներում։ Երկրորդը՝ Անկարան պնդում էր, որ անպայման պետք է վտարանդի ընդդիմություն ստեղծել, և այդ նպատակով սատարեց Սիրիայի իր նախասիրած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որ վտարանդի կառավարության դերը կատարի։ Հետագայում սա նպաստեց նորաստեղծ ապստամբների դաշինքի մասնատմանը։ Երրորդը՝ 2011-ի սեպտեմբերից սկսած Թուրքիան ջատագովում էր Սիրիայում միջազգային միջամտությանը։ Ֆրանսիայի, տարբեր արաբական երկրների նման՝ Թուրքիան ևս քաջալերում էր Սիրիայի սահմանի երկայնքով բուֆերային գոտի և ոչ թռիչքային տարածքներ ստեղծելը, ինչը կպահանջեր Սիրիայի օդային պաշտպանության և զինուժի ոչնչացումը։

Հասկանալով, որ այս ռազմավարությունը չի օգնում, 2012թ․ գարնան Թուրքիայի անվտանգության ծառայությունն սկսեց կազմակերպել ապստամբների՝ Հալեպի վրա հարձակումը։ Այդ պայմաններում «Սիրիայի ազատ բանակի» ապստամբներն իրենց հույսը մեծապես դրին Սիրիայում Ալ-Կաիդայի մասնաճյուղ Ջաբհաթ Ալ-Նուսրայի վրա, որը սիրիական վարչակարգի հենակետերի վրա սպանություններ էր կատարում։ Այս ջանքերին սատարելու համար Թուրքիան և Քաթարն ի վերջո ուղղակի կապեր հաստատեցին Ալ-Նուսրայի հետ՝ հավատալով, որ այդ խումբը պիտի օգնի իրականացնել նրանց վերջնական նպատակը՝ Ասադի տապալումը։

Թուրքիայում նաև համոզված էին, որ Ալ-Նուսրան լավ հակակշիռ կլինի (PYD) «Քուրդական ժողովրդավարական միություն» կուսակցության  դեմ՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ PYD-ն կապեր ունի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ, որը Թուրքիայի կառավարության դեմ արյունոտ պայքար է մղել 1984-ից սկսած։ Հետևաբար՝ Թուրքիայի համար վատ լուր էր, երբ 2012-ի հուլիսին Ասադը որոշեց իր ուժերը դուրս բերել երեք քրդաբնակ շրջաններից՝ Աֆրինից, Գոբանիից և Ջազիրայից, որպեսզի իր դիրքերն ամրապնդի այլ վայրերում։ PYD-ն անմիջապես ինքնավարություն հռչակեց այս շրջաններում, որին իբրև պատասխան Թուրքիան 2012թ․ նոյեմբերին «Սիրիայի ազատ բանակին» և Ալ-Նուսրային թույլ տվեց իր տարածքներից հարձակումներ կազմակերպել Ջազիրայի վրա։ 2014-ին ևս Թուրքիան Ալ-Նուսրային և այլ ապստամբ խմբերի թույլ տվեց իր տարածքն օգտագործելով հարձակվել Քեսապի վրա, որը Սիրիայի հյուսիս-արևմուտքում մեծ մասամբ հայ բնակչություն ունեցող ավան է։

Մյուս կողմից՝ «Իսլամական պետությունը» շատ անգամ հակասել է Սիրիայում Թուրքիայի նպատակներին։ Այս խումբը հյուսիսային Սիրիայում բախվեց Թուրքիայի կողմից սատարվող խմբերի հետ։ Թուրքիան կարծում է, որ «Իսլամական պետությունը» համագոյակցություն է հաստատել Ասադի վարչակարգի հետ։ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պնդում է, թե Ասադի բռնությունների հետևանքով «Իսլամական պետությունը» համաժողովրդական աջակցություն է ստանում։ Իսկ փոխաբերաբար՝ «Իսլամական պետությունն» էլ Ասադի վարչակարգի համար ապահովում է այն տպավորությունը, թե իբր պայքարում է ահաբեկչության դեմ։

Թուրքիան մատնանշում է այս հարաբերությունը և կոչ անում միջազգային հանրությանը հարվածել Ասադին և ստիպել նրան հեռանալ իշխանությունից։ Ըստ Թուրքիայի՝ այդպես կոչնչացվեն «Իսլամական պետության» շարունակականությունն ապահովող գործոնները։ Դա նաև կօգնի, որ ավելի կայուն և չափավոր սիրիական ընդդիմություն ձևավորվի, որն ի վերջո կկարողանա Դամասկոսում ստանձնել իշխանությունը։ Հակամարտության այս կերպ ընկալումը հանգեցնում է այն բանին, որ Ասադի տապալումը նաև առիթ կդառնա, որ Թուրքիան նվազեցնի իր աջակցությունը Ալ-Նուսրային։