«Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս». հայտարարություն

karen karapetyan 1Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (2008-2011 թթ.) Կարեն Կարապետյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով մամուլում նախօրեին տարածված լուրերը, թե իշխանություններին հաջողվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին համոզել առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

«Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված, համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս, և այսուհետ ևս իրենց հնարավորությունների շրջանակներում օգտակար են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին սեփական նախաձեռնությամբ»:

***

Կարեն Կարապետյանը, թեև իշխող կուսակցության պատգամավոր է, վերջին շրջանում քանիցս քննադատության է ենթարկել իշխանությանը: Անցյալ տարվա դեկտեմբերին հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ եթե իշխանավորները ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Իսկ այս տարվա հունվարի վերջին կողմ էր հանդես եկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցմանը, որի դեմ բողոքում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: