Սերժ Սարգսյանի ելույթը բավարար հիմք է նրա իմփիչմենթի գործընթացը սկսելու համար. Օսկանյան

vartan-oskanianՍերժ Սարգսյանի ելույթն ինքնին բավարար հիմք է խորհրդարանում նրա իմփիչմենթի գործընթացը սկսելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած ելույթը: «Այդ ելույթը Սահամանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս այն խախտելու դեպքում դնել իմփիչմենթի խնդիրը»,- ասել է Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով՝ պետության լծակներն օգտագործվում են քաղաքական հետապնդման համար, և այդ ելույթը Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու հայտ է: «Սերժ Սարգսյանի ելույթի մեջ մաղձ կար, չարություն կար, այդ ելույթը մի օրվա, պահի բան չէր. ակնհայտ է, որ կուտակված բաներ կային, որոնք ժայթքեցին: Ելույթը բացարձակ հակասահմանդրական էր: Յուրաքանչյուր նախադասություն, պարբերություն էությամբ հակասահմանդրական է: Ուժայիններին ուղղակիորեն հանձնարարվում է գնալ և քրեական գործ հարուցել Ծառուկյանի նկատմամբ: Երկրի նախագահը իրավունք չունի նման հանձնարարականներ տալ»,- նշել է Օսկանյանը:

Ըստ նրա՝ եթե մինչ Սարգսյանի ելույթը երկրի քաղաքական ներկապնակը բազմազան էր իր գույներով, և հնարավոր էր տարբեր կոմբինացիներ անել ու լուծումներ տալ երկրում ստեղծված իրավիճակին՝ փոխզիջումային տարբերակներ ընտրելով, ապա «այդ ելույթով Սերժ Սարգսյանը ջնջել է բոլոր գույները և թողել միայն երկուսը՝ սև ու սպիտակ՝ ասելով՝ կամ՝ ես, կամ՝ դուք»: «Սերժ Սարգսյանը սկսեց այն, ինչ որ սրանից հետո տեղի է ունենալու»,- ասել է Օսկանյանը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։