Հանրային քննարկում Գյումրիում` Ավետիսյանների սպանության գործով

GyumriԳյումրիում փետրվարի 14-ին` ժամը 13:00-ին՝ «Արաքս» հյուրանոցում, կկայանա Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության բացահայտման խնդիրների շուրջ հանրային առաջին քննարկումը:

«Նման քննարկում հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է դեպքից մի քանի օր անց, այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցեր ու հանելուկներ առաջացան, որոնք մինչև հիմա պատասխան չունեն»,- ասված է միջոցառման ֆեսբուքյան էջում:

Նախատեսվում է, որ հանրային քննարկմանն ի մի են բերվելու դեպքի և հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում են լրագրողները, իրավաբանները, իրավապաշտպանները, այլ փորձառու մարդիկ, մշակվելու և համակարգվելու են ինչպես հանցագործության բացահայտման, այնպես էլ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները:

ՍիվիլՆեթն ուղիղ կհեռարձակի քննարկումը:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Մեկնաբանել