Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ:

Ինչպես ասված է Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Կատարվում է նախաքննություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:

Փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից կրկին զինծառայող էր մահացել:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով: Միայն հունվարին հայկական կողմից մոտ տասը զինծառայող է զոհվել մարտական հերթապահության ժամանակ։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»:

Մեկնաբանել