Վարչապետը հանձնարարել է ստուգել Ծառուկյանի չմուծված հարկերի մասին լուրերը

gagik-tzarukyan-2Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որպեսզի ստուգումներ սկսվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը ճշտելու ուղղությամբ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Ելույթում նա նաև ասել էր, որ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը [Գագիկ Ծառուկյանի կողմից – խմբ.] չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին», և Հովիկ Աբրահամյանին հորդորել էր հանձնարարել համապատասխան մարմիններին ստուգել այս լուրերի իսկությունը:

Բացի այդ` նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նա ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Մեկնաբանել