Պատգամավոր Արագած Ախոյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

1653726_524245031027141_659970068_n«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հանդես է եկել կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով: Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև, որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:

ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր»,- ասված է Արագած Ախոյանի հայտարարությունում:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: