Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդևան Գրիգորյանին չեն հեռացրել պաշտոնից: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին ինստիտուտի ընդունարանից:
Հարցին, թե արդյոք որևէ ընթացակարգ սկսվե՞լ է Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու հետ կապված, պատասխանեցին. «Բոլորովին»:
ԲՀԿ-ՀՀԿ առճակատման և ներքաղաքական լարված իրադրության պայմաններում լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանին հեռացրել են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից:
***
Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:
Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: